Հայտնի են «Զվարթնոց վերածննդի» փառատոնի հաղթողները


Հայտնի են «Զվարթնոց վերածննդի» փառատոնի հաղթողները

  • 09-05-2017 14:44:50   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գեղարքունիքի մարզի դպրոցականներն ամեն տարի ակտիվ մասնակցություն են ունենում  «Զվարթնոց վերածննդի» փառատոնին՝ գրանցելով ակնառու հաջողություններ: «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի նախաձեռնած հայ երգի ամենամյա մրցույթ-փառատոնը հանրապետությունում անցկացվում է 2012 թվականից: Փառատոնի հանրապետական փուլին այս տարի Գեղարքունիքի մարզից մասնակցել են 8-16 տարեկան ավելի քան 200 դպրոցական, ովքեր ներկայացրել են հանրակրթական, մանկական արվեստի եւ երաժշտական դպրոցները: Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում Գեղարքունիքի մարզից 7 մասնակիցներ իրենց լավագույն կատարումների համար հաղթող են ճանաչվել:
 
«Ժողովրդական երգ»  անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել Սարուխանի արվեստի դպրոցի սաներ 10 եւ 11- ամյա Էրիկ Վարդանյանը եւ Աշոտ Կատվալյանը, Նորատուսի արվեստի դպրոցի սան, 16- ամյա Ինեսա Մանուկյանը, «Էստրադային երգ»  անվանակարգում Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի սան, 14- ամյա Սաթենիկ Սահակյանը եւ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի սան, 14 -ամյա Ռազմիկ Աչիկյանը: 2-րդ մրցանակին արժանացել է Սեւանի արվեստի դպրոցի սան, 15- ամյա Մարիամ Սիմոնյանը, իսկ 3-րդ տեղի համար մրցանակի է արժանացել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի եւ Գավառի արվեստի դպրոցի սան, 11- ամյա Մարիաննա Բրսիկյանը:
 
Օրերս Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մոտ տեղի ունեցավ ընդունելություն փառատոնի կազմակերպիչների, մրցանակակիրների, նրանց ուսուցիչների, ծնողների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը շնորհավորեց փառատոնի մրցանակակիրներին՝ ձեռք բերած հաջողությունների համար՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ եւ աշխարհի տարբեր բեմերից հանդես գալու նոր հնարավորություն ու ճանաչում: Ռաֆիկ Գրիգորյանը մրցանակակիրներին հանձնեց «Զվարթնոց վերածննդի»  հիմնադրամի կողմից սահմանված պատվոգրերը, իսկ մարզպետարանի կողմից՝ խրախուսական նվերներ: Հանդիպման ընթացքում պատվոգրեր եւ շնորհակալագրեր շնորհվեցին նաեւ փառատոնի կազմակերպիչներին եւ այն դպրոցների տնօրեններին, որտեղ սովորում են հաղթող ճանաչված դպրոցականները.«Հպարտանում եմ, որ այսքան անաղարտ ու շնորհալի երիտասարդներ եք տալիս մեր երկրին: Այս հաղթանակները արդյունք են ընտանիքի, դպրոցի, մանկավարժի ջանադիր աշխատանքի, որի համար խորապես շնորհակալ ենք: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ում հետևողական աշխատանքի շնորհիվ Գեղարքունիքի մարզն առանձնանում է իր բարձրակարգ մասնակցությամբ: Մենք համոզված ենք, որ այսուհետ էլ համատեղ աշխատանքով կշարունակենք նպաստել հայ երգի ուսուցման ու տարածմանը, նոր, շնորհալի երեխաների բացահայտմանը»- իր խոսքում նշեց  «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի հիմնադիր, փառատոնի կազմակերպիչ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Մրցանակակիրները ներկաներին իրենց շնորհակալությունը հայտնեցին ժողովրդական եւ  ազգային երգերի կատարումներով: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը