Երևանում կանցկացվի նորաձևության եռօրյա աննախադեպ շոու, որի գլխավոր հյուրը կլինի աշխարհահռչակ Վյաչեսլավ Զայցևը (տեսանյութ)


Երևանում կանցկացվի նորաձևության եռօրյա աննախադեպ շոու, որի գլխավոր հյուրը կլինի աշխարհահռչակ Վյաչեսլավ Զայցևը (տեսանյութ)

  • 10-05-2017 14:25:19   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում 7-րդ անգամ անցկացվելու է «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդեսը, որի շրջանակներում առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև Yerevan Fashion Week (YFW) «Golden laсe» աննախադեպ նորաձևության շոուին։ 
Ինչպես մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նորաձևության շոուի կազմակերպիչ, «AFD international fashion day» -ի ղեկավար Նաիրա Նիազյանը, եռօրյա շոուին մասնակցելու են 9 դիզայներներ աշխարհի տարբեր երկրներից: 
Նրա փոխանցմամբ` մայիսի 12-ին YFW «Golden laсe»-ի բացումն ազդարարելու է ռուս հայտնի դիզայներ և մոդելավորող Վյաչիսլավ Զայցևը: 
«Այնուհետև շոուն կշարունակեն երկու հայ դիզայներներ` Լիանա Սարգսյանը և Գևորգ Շադոյանը. Ինչ վերաբերում է երկրորդ օրվան` մայիսի 13-ին, կլինեն չորս ցուցադրություններ`Լիբանանից, Ֆրանսիայից  և Մոսկվայից հրավիրված հայ և օտարազգի դիզայներների մասնակցությամբ»,- ասաց Ն. Նիազյանը` հավելելով, որ մայիսի 14-ին` նորաձևության շոուի փակումը և ամփոփումը վստահվել է հայ դիզայներներին, ովքեր ցուցադրելու են բացառապես հայկական նախշերով ու մոտիվներով կանացի հագուստներ և աքսեսուրաներ: 
Անդրադառնալով  եռօրյա ցուցադրությունների ընթացքում նորաձևությամբ հետաքրքրվողներին ներկայացվելիք հավաքածուներին` YFW «Golden laсe»-ի կազմակերպիչը նշեց, որ հիմնականում ցուցադրվելու են երեկոյան զգեստներ ու աքսեսուրաներ, իսկ անձամբ Վ. Զայցևը ներկայացնելու է ինչպես իր վերջին, այնպես էլ լավագույն հավաքածուներից ընտրված հագուստներ` ընդհանուր թվով շուրջ 50 զգեստ: 
Ն. Նիազյանի խոսքերով` ցուցահանդես-վաճառքի նպատակն է հնարավորություն ընձեռնել սկսնակ դիզայներներին իրենց աշխատանքները հանել վաճառքի, որոնք մատչելի են: 
Ըստ նրա` նորաձևության եռօրյա շոուի ընթացքում դիզայներները ներկայացնելով միայն երեկոյան կանացի զգեստներ` ևս մեկ անգամ փաստում են, որ ջինսերին փոխարինելու են եկել շրջազգեստները: 
YFW «Golden laсe»- ին մասնակցելու համար առաջին անգամ Հայաստան է եկել նաև լիբանանահայ դիզայներ Վարանդ Աբրահամյանը, ով մեծ ցանկություն ունի հայրենիքում ևս գործունեություն ծավալել և գեղեցկացնել հայ աղջիկներին: 
Նորաձևության ոլորտում 10 տարի առաջ գործունեություն սկսած Վ. Աբրահամյանի հագուստներն այսօր վաճառում են Միջին Արևելքի երկրներում: 
«eLSi» նորաձևության տան հիմնադիր Լիանա Սարգսյանը կարևորելով որակյալ և ճաշակով կարված հագուստը` ընդգծեց, որ դիզայներները պետք է հնարավորություն ունենան արտերկրից ձեռք բերել նյութեր և անհրաժեշտ հումք, հակառակ պարագայում միայն Հայաստանում դժվար կլինի լավ որակ և արդյունք ստանալը: 
Նրա փոխանցմամբ` վերոնշյալ շոուի ընթացքում ինքը ցուցադրելու է 20 երեկոյան զգեստ, որոնք մեծամասամբ ձեռքի աշխատանք են և մոտ են եվրոպական չափորոշիչներին` ընդգծելով կնոջ ողջ գեղեցկությունն ու հմայքը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն