Բջջային կապի անտենաները վտանգում են մարդկանց առողջությունը. «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուն առաջարկում է ազատվել մեկ բջջային օպերատորից (տեսանյութ)


Բջջային կապի անտենաները վտանգում են մարդկանց առողջությունը. «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուն առաջարկում է ազատվել մեկ բջջային օպերատորից (տեսանյութ)

  • 10-05-2017 16:02:17   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Երևանը չունի ռադիոճարտարապետություն, ով որտեղ կարողանում է, անտենա է տեղադրում` վտանգելով մարդկանց առողջությունը»,- հենց այս խնդրից իր ասուլիսը սկսեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու,  տեխնիկական գիտությունների դոկտոր,  «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը:
Ըստ նրա` մայրաքաղաքում կան այնպիսի խնդիրներ, որոնց մասին չգիտեն ոչ միայն երևանցիները, այլև գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
«Ես բարձրացնում եմ մարդկանց անվտանգության խնդիրը. Այսօր ամբողջ Երևանն օգտվում է բջջային կապից, որը բացի օգտակար լինելուց, նաև շատ վտանագավոր է մարդկանց առողջության համար, քանի որ բջջային կապն ապահովող անտենաները տեղադրված են բնակելի շենքերին շատ մոտ, ինչը մեծացնում է մարդկանց ճառագայթման վտանգը»,- նշեց Վ. Համազասպյանը` ընդգծելով, որ ինքն անձամբ քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգող նամակներ է ստացել, որոնցով բնակիչներն օգնություն են խնդրել:   
Որպես լուծում` տեխնիկական գիտությունների դոկտորն առաջարկում է երեք բջջային օպերատորներից գոնե մեկից ազատվել, որպեսզի ճառագայթահարման ֆոնը մի քիչ փոքրանա: 
Վերջինիս խոսքերով` բացի վերոնշյալ խնդրից, շարունակում է չլուծված մնալ երեկոյան ժամերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում հնչող բարձր երաժշտության հարցն այն դեպքում, երբ քաղաքապետարանն այդ կապակցությամբ ունի հստակ որոշում, որը չի կատարվում:
Մյուս կարևոր խնդիրը, որն առանձնացրեց Վ. Համազասպյանը, դա աշխատատեղերի ստեղծումն է: 
Նրա կարծիքով` Երևանը հանդիսանում է արդյունաբերական ապրանքների ամենախոշոր պատվիրատուն: 
«Կոնկրետ օրինակներ գիտեմ, երբ Դալմայի այգիները լուսավորելու համար քաղաքապետը պատվիրում է գերմանական լուսատուներ, որոնք իրենց որակով ոչնչով չեն զիջում տեղական նույն արտադրանքին, կամ հիվանդանոցներին անհրաժեշտ սպիտակեղենի արտադրությունը կարելի է տեղում կազմակերպել, այլ ոչ թե ներմուծել այլ երկրներից»,- ընդգծեց բանախոսը: 
Վերջինիս խոսքերով` հաջորդ մտահոգիչ խնդիրը վերաբերում է շենքների սեյսմակայունությանը, քանի որ Երևանի բնակֆոնդի 70 տոկոսը 7 բալանոց շենքեր են, որոնք կոռուպցիոն գործարքների արդյունքում ենթարկվում են փոփոխությունների, մասնավորապես, քանդվում են պատերը, փոխարենը բացվում են դռներ կամ պատուհաներ: 
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Տ. Մարգարյանի կողմից որպես կարևոր ձեռք բերում համարվող աղբահանության ոլորտին` Վ. Համազասպյանը հիշեցրեց, որ մինչև Սանիթեքի մուտք գործելը, Երևանում տեղադրված աղբարկղերի մոտ կային այլ կառուցվածքով հատուկ արկղեր, որոնք նախատեսված էին պլաստիկ շշերի համար: 
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուի համոզմամբ` Երևանին նոր քաղաքապետ է պետք, որը գուցե չկարողանա բոլոր խնդիրները լուծել, սակայն պարտավոր է փորձել: 
Դժգոհելով վարչապետ Կարեն Կարապետյանի որդեգրած ոչ հակաճգնաժամային քաղաքականությունից` Վ. Համազասպյանը գտնում է, որ Հայաստանում պետք է նոր կառավարություն ձևավորվի, դրան զուգահեռ պետք է ստեղծվի Երևանի անկախ կառավարություն, որպեսզի վերջիններս հակադրվելով միմյանց, ինչ որ բան կարողանան փոխել երկրում: 
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում «Երկիր ծիրանիի» շանսերը` բանախոսը շեշտեց, որ բաժանվող ընտրակաշառքի ֆոնին ոչինչ չի փոխվի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play