Այլընտրանք, քան երկրից գնալը, չկա.Իջեւանցիները փակել են միջպետական ճանապարհը


Այլընտրանք, քան երկրից գնալը, չկա.Իջեւանցիները փակել են միջպետական ճանապարհը

  • 10-05-2017 16:45:41   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ «Հետք»-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի:
 
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Աչաջուր գյուղի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առեւտուրն արգելելու՝ Իջեւանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Տավուշի մարզով անցնող Մ4 միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, եւ վարորդները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ բավականին նվազել է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով:
 
Այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց չափազանց դանդաղ: Բացի այդ, ճանապարհները որոշ տեղերում, օրինակ՝ Հաղարծին գյուղի հատվածում, այն աստիճան հին ու քայքայված են, որ կարկատաններն էլ խնդիրը չեն լուծում:
 
Սեւադա Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս մի քանի վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով:
 
Քաղաքացիների պահանջն է՝ խնդիրների լուծում կոնկրետ ժամկետներում, «Սահմանի բերանին ապրող ժողովուրդ են, գնում են, սարերից տանջանքով ծնեբեկ ու սինդրուկ բերում կամ իրենց այգու կանաչին բերում վաճառելու, արգելել են: Էս ժողովրդին այլընտրանք, քան երկրից գնալը, չկա: Պետք է հնարավորություն տալ: Դա ժողովրդի գոյատեւման նախապայման է», - ասաց Ղուկասյանը:
 
Որպես վերը բերված խնդիրների լուծման երաշխիք՝ բնակիչները պահանջում են Տավուշի մարզպետի խոստումը, բայց կոնկրետ ժամկետներով, հստակ:
 
Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին մարզպետ Հովիկ Աբովյանը բանակցում է քաղաքացիների հետ:
 
Քիչ անց լրացուցիչ տեղեկություն կհայտնենք բողոքի ակցիայի ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ մասնավորապես փակվել է միջպետական ճանապարհի Իջեւանի շուկայի հատվածը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play