Արծվիկ Մինասյանն ամփոփել է գերատեսչության` վերջին 7 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները


Արծվիկ Մինասյանն ամփոփել է գերատեսչության` վերջին 7 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները

  • 10-05-2017 18:30:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 10-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության ծրագրի գերակա խնդիրների ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության 6 ամսում  իրականացրած աշխատանքները, խոսել խնդիրների և անելիքների մասին: Լրագրողների հետ հանդիպումը նախարարը սկսել է երկու լավ լուրով:
 
Նախ, տեղեկացրել է Շաքիի ջրվեժի ջրօգտագործման նոր գրաֆիկի և «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի ուղղությամբ Ջրվեժի արգելոցապարկային համալիրում նախարարության ձեռնարկած ծառատնկման և մաքրման աշխատանքների մասին: Անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած 8 գերակա  խնդիրներին և 6  միջոցառումների ծրագրերին` նախարարը հայտնել է, որ դրանց իրականացման ուղղությամբ որևէ խնդիր չկա, բոլորը կատարվել կամ կատարման ընթացքում են: Մասնավորապես, անդրադարձ է եղել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման գործընթացին: Արծվիկ Մինասյանը նշել է, որ մայիսի 15-ից գերատեսչությունը, նախապես ձկնաբույծներին տեղեկացման համաձայն, կսկսի ստուգումները ձկնաբուծական տնտեսություններում: Ըստ նախարարի՝ 2017 թվականի սկզբից, ընդհանուր առմամբ, 64 ջրհորերի վրա փականներ են դրվել, ինչը թույլ է տվել տնտեսել վայրկյանում 2932,5 լիտր/վայրկյան  ջուր, որն ավելին է, քան Երևան քաղաքի մեկ տարվա ընթացքում խմելու ջրի փաստացի սպառումը: Նախարարն անդրադարձել է կազմակերպական աշխատանքներին, նշել տեղեկատվական տեխնոլոգիաների, դոնորների, բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների խորհուրդների ստեղծման նպատակների, ինչպես նաև գիտնականների և բնապահպանության նախարարության նախկին պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական հանդիպումների մասին: Արծվիկ Մինասյանը խոսել է գերատեսչության առջև ծառացած մի շարք խնդիրների մասին, անդրադարձել ոլորտում առկա  կոռուպցիոն ռիսկերին` նշելով, որ նախատեսվում են լրջագույն փոփոխություններ նաև կառավարման համակարգում, սկսած բնության հատուկ պահպանվող տարածքներից մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները: Անհրաժեշտություն կա բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի ձևավորման, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանից՝ մեկ փաթեթի ներկայացմամբ իրացնել իրավունքները: Նախարարն անդրադարձել է նաև ջրավազանային տարածքների կառավարման համակարգում փոփոխությունների,պետական ծառայության հատուկ վիճակի ամրագրմամբ բնապահպանական պետական տեսչական մարմնի ստեղծման, ոլորտում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությանը: Ասուլիսի ավարտին Արծվիկ Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն