Շարունակվում է Օձունի տաճարի վերականգնումը (տեսանյութ)


Շարունակվում է Օձունի տաճարի վերականգնումը (տեսանյութ)

  • 10-05-2017 19:35:17   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Երևան, 10 մայիսի 2017 թ. – Մեկնարկեց Հայաստանի հյուսիսում Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման նոր փուլը: Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Բացառիկ տաճարի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է ֆինանսավորման կազմակերպիչ Մովսես Ձավարյանին:
 
Ինչպես տեղեկացրեց վերականգնումն իրականացնող «ԼևԳուկ» ընկերության ղեկավար Լևիկ Ղուկասյանը, նախատեսված է վերականգնել եկեղեցու արտաքին բաց սրահների բոլոր 18 կամարները, որոնք քանդվել էին անցած դարի 90-ական թվականներին,  սալարկել  սրահների հատակները, վերականգնել պատերը և քիվերը: Բոլոր պատուհաններին կտեղադրվեն նոր փայտե շրջանակներ և քարե լուսամուտագոգեր՝ պատրաստված հնագույն նախատիպերի օրինակով: Վերականգնողները ձեռք են բերել ներարկման արդյունավետ նյութեր` ներթափանցման և ամրացման բացառիկ հատկություններով, որոնց միջոցով, առանց մեխանիկական միջամտության, պատերը կամրացվեն ներսի դատարկությունները ներարկելու և երեսպատման քարերի կարանները լցնելու շնորհիվ: «Դա հնագույն շինությունները «բուժելու» ամենակատարյալ եղանակն է», - հավաստեց Լ. Ղուկասյանը: 
 
Նրա խոսքերով, տաճարի շուրջը նախատեսվում է կառուցել ջրահավաքման և ջրահեռացման համակարգ: Այս աշխատանքները կիրականացվեն նոր նախագծի համաձայն, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից:
 
«ԼևԳուկի» ղեկավարը հավաստիացրեց, որ Օձունի տաճարի վերականգնման ներկա փուլը կավարտվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:
 
Հիշեցնենք, որ Օձունի Սբ. Աստվածածնի վերականգնման նախորդ՝ առավել մասշտաբային փուլն ընթացել է երեք տարի և հաջողությամբ ավարտվել 2014 թ.: Վերականգնվեց գմբեթն իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, հիմնովին ամրացվեցին պատերը: Այս աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվեցին VI դ. զարդանախշերի դրվագներ և կղմինդրի նմուշեր: Մասնագետների կարծիքով, վաղմիջնադարյան հայոց ճարտարապետության գլուխգործոցն այսպիսով փրկվեց հնարավոր ավերումից: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play