ՀՀ գլխավոր դատախազության պարզելու խնդիրն եթե, իհարկե, կոռուպցիան վերջնականապես չի խժռել Հայաստանը


ՀՀ գլխավոր դատախազության պարզելու խնդիրն եթե, իհարկե, կոռուպցիան վերջնականապես չի խժռել Հայաստանը

  • 10-05-2017 21:35:12   | Հայաստան  |  Իրավունք

 
 
«Արամ Խաչիկի Հարությունյան (մականունը՝Բուլկի Արամ[1][2] (20 հուլիսի 1967 թ. Նաիրիի շրջան, գ. Եղվարդ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Հայտնի է նաև Բուլկի Արամ մականունով». այս տեղեկությունը ՀՀ բնապահպանության նախկին ու տխրահռչակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի վերաբերյալ «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանում այսօրվա դրությամբ եղած տեղեկատվության հենց սկզբնամասից է մեջբերված:
Տեղեկատվությունն այս` ակնհայտորեն հնացած է, քանի որ Արամ Հարությունյանը 2016թ. աշնանից, կարծում եմ, ի պատիվ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի, այլևս ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը չէ, թեև նշված պաշտոնից, այսպես ասած, ֆորմալ առումով կամ դե յուրե, ազատվել է իր դիմումի համաձայն: «Վիքիփեդիայում» տվյալ տեղեկատվությունը զետեղողը կամ մոռացել է համապատասխան լրացում կատարել, որ Արամ Հարությունյանն այլևս ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը չէ, կամ էլ պատվաբեր ու ձեռնտու է համարել Արամ Հարությունյանին նրանից անտեղյակների շրջանում կոմիտեի նախագահ ներկայացնելը:
Նույն հանրագիտարանում գրված է նաև, որ Արամ Հարությունյանը 1988-1992 թթ.  «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարն է եղել, 1992-1994 թթ. (այսինքն` մեր հայրենիքի համար բախտորոշ պատերազմի տարիներին) ՌԴ-ում զբաղվել է առևտրային գործունեությամբ և այլն, և այլն: Իսկ թե ինչ է գրված «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվության մեջ, ընթերցողները կիմանան ստորև:
Ընդգծենք, որ Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածն իր մեջ գրեթե ամբողջությամբ ներառում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Արամ Հարությունյանի գործունեության շրջանը, որը սկսվել է 2015թ. ապրիլի 2-ից: Պարզապես վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ն է եղել, իսկ Արամ Հարությունյանը նշված պաշտոնին հրաժեշտ է տվել դրանից շուրջ 1 ամիս հետո` 2016թ. հոկտեմբերի 4-ին, երբ ՎՊ-ն դեռ շարունակում էր կատարել իր վերահսկողությունը (այն ավարտվել է 2016թ. դեկտեմբերի 15-ին` վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածից երկուսուկես ամիս հետո):
Կարևոր է նաև նկատի ունենալը, որ ՎՊ-ի վերահսկողության նպատակը ջրային տնտեսության պետական կոմիտեի ընդամենը «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործման ուսումնասիրությունն է եղել, և ոչ թե կոմիտեի գործունեության ամբողջական ուսումնասիրությունը, որի պարագայում, ամենայն հավանականությամբ, կհայտնաբերվեր շատ ավելին…
«Նոր Ակունք», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կառավարման պայմանագիրը կնքվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Էմ Վի Վի Դեկոն Ջի Էմ բի Էյչ», «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի», «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ ընկերությունների կոնսորցիումի միջև: 12.12.2013թ. կառավարման պայմանագրի լրացում 3-ի համաձայն, 01.01.2014թ.-ից կոնսորցիումին միացել է նաև ՍԱՈւՌ Ս.Ա.Ս. ընկերությունը: Կառավարման աշխատանքները պետք է իրականացվեին մինչև 2016թ. մայիսի 31-ը, ավելի քան 2 մլն եվրո (առանց ԱԱՀ-ի) արժեքով: 2016թ. մայիսին կառավարման պայմանագրի լրացում 5-ով կառավարման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, պայմանագրի նշված արժեքը ավելացել է 641.9 հազար եվրոյով (առանց ԱԱՀ-ի), որից 499.7 հազ. եվրոն` ֆիքսված մասի համար, իսկ 142.2 հազ. եվրոն` որպես փոխհատուցվող գումար՝ երեք ջրային ընկերությունների աշխատակազմերի վերապատրաստման ու կազմավորման համար:
Հիշյալ պայմանագրի ֆինանսավորումն իրականացվել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ՀՀ տրամադրված դրամաշնորհային միջոցներով: Պայմանագրով նախատեվել են արդյունքային ցուցանիշներ յուրաքանչյուր տարվա համար: Այսինքն` համապատասխան աշխատանքների և այլնի համար տրվել են հսկայական գումարներ, և այդ գումարների դիմաց նախատեսվել են որոշակի արդյունքներ: Կառավարման պայմանագրի ներքո ներկայացվել են հսկայական գումարների հաշիվ-ապրանքագրեր (օրինակ, միայն 01.01.2014-31.03.2016թթ. ժամանակահատվածի համար ավելի քան 1.5 մլն եվրո գումարի), որոնք փաստացի վճարվել են: Նախատեսված արդյունքային ցուցանիշներից մեկը եղել է ջրի ահռելի հոսակորուստների կրճատումը:
Կարևորելով այս խնդիրը, նշենք, որ ջրի այդ հսկայական հոսակորուստների մեջ մտնում են ինչպես տեխնիկական, այնպես էլ առևտրային կորուստները, այսինքն` այն կորուստները, որոնք պատճառվում են ջրի գողության հետևանքով: Ի վերջո, քանի որ ջուրն արժեք ունի, այդ կորուստների գումարը ներառվում է ջրի սակագների մեջ ու կորզվում մեծամասնությամբ սոցիալապես առանց այն էլ ծանր վիճակում գտնվող սպառողների գրպանից:
Արմավիր քաղաքի և հարակից 13 համայնքի ջրամատակարարումը իրականացրել է «Նոր Ակունք» ընկերությունը: ՎՊ-ն պարզել է, որ այստեղ հոսակորուստները, համաձայն նշված ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության, 2014թ. կազմել են 66.93 տոկոս, իսկ 2015թ.` 67.44 տոկոս, և սա` այն դեպքում, երբ կառավարման պայմանագրի արդյունքային ցուցանիշների համաձայն, դրանք պետք է կազմեին 2014թ.` 55 տոկոս, 2015թ.` 53 տոկոս: Խոշոր և էական տարբերություններն ակնհայտ են: Թե հատկացված հսկայական գումարներն ի՞նչ են արել, ժողովրդական լեզվով ասած, «կերե՞լ» են, վատնե՞լ կամ մեկ այլ բան արել, ես չգիտեմ, դա ՀՀ գլխավոր դատախազության, նրա պետական շահերի պաշտպանության վարչության, համապատասխան իրավապահ մարմինների պարզելու խնդիրն ու պարտականությունն է, և կպարզեն, եթե, իհարկե, կոռուպցիան վերջնականապես չի խժռել Հայաստանը:
ՎՊ-ն պարզել է նաև, որ չնայած գումարները ծախսելուն և կառավարման պայմանագրի արդյունքային ցուցանիշները չապահովելուն, չնայած «Նոր Ակունք» ՓԲԸ կողմից տրամադրված տեղեկատվության մեջ հոսակորուստների վերաբերյալ առկա վերոնշյալ բարձր ցուցանիշներին, հիշյալ ընկերությունն իր տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ, ըստ էության, կեղծիք է թույլ տվել և 2014թ. հոսակորուստը ներկայացրել 54.1 տոկոս, այսինքն` տվյալ տարվա համար կառավարման պայմանագրի արդյունքային ցուցանիշից էլ (55 տոկոս) պակաս: Այսպիսով, փաստորեն, այն տպավորությունն է առաջացրել, թե հոսակորուստի վերաբերյալ պայմանագրի արդյունքային ցուցանիշը կատարել է նույնիսկ գերազանց: Մեկ այլ խնդիր է, թե կոմիտեն ինչու է հալված յուղի տեղ ընդունել ընկերության նշված հաշվետվությունը, չի ձեռնարկել համապատասխան միջոցներ, որ գոնե 2015թ. հոսակորուստներն էապես նվազեցվեն և համապատասխանեցվեն պայմանագրի արդյունքային ցուցանիշին:
Չգիտենք` կոռուպցիայո՞վ պետք է բացատրել, թե մեկ այլ հանգամանքով, բայց փաստն այն է, որ ՎՊ-ն իր բացահայտածի վերաբերյալ համապատասխան նյութերը չի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Բավարարվել է ընդամենը իր ընթացիկ հաշվետվության մեջ արձանագրելով` «Այսպիսով չեն ապահովվել վերոգրյալ ցուցանիշները», վերջում էլ «Նոր Ակունք» ընկերությանը վերոնշյալ մյուս ընկերությունների թվում առաջարկելով «Ձեռնարկել միջոցներ կառավարման պայմանագրով նախատեսված հոսակորուստների ցուցանիշները ապահովելու նպատակով»: Բնականաբար, հարց է առաջ գալիս` ինչո՞ւ, եթե կոռուպցիան այստեղ չունի դերակատարում: Իրավական պետության մեջ ՎՊ-ն ստիպված կլիներ բացատրել, տալ այս հարցի պատասխանը:
Նշենք նաև, որ «Նոր Ակունք» ՓԲԸ-ն չի ապահովել նաև կառավարման պայմանագրով սահմանված հասույթի հավաքագրման ցուցանիշները, ու սա դեռ բոլորը չէ…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play