Պաշտպանի աշխատակազմում սկսվել է Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ


Պաշտպանի աշխատակազմում սկսվել է Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ

  • 12-05-2017 16:17:31   | Հայաստան  |  Իրավունք

«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը:
 
Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:
 
Նույն նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու և իր վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, հեռախոսը կոտրելու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ է տարածել նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ն. Փաշինյանը:  
 
Նշված տեղեկությունների հիման վրա՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և լուծելու նպատակով:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք