10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին


10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին

  • 13-05-2017 14:29:21   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:  
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: 
Այս տարի Բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են. 
Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում
ՏՏ ներդրումային համակարգ
Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ 
Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ
Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ
ՏՏ և Տուրիզմ
Օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ կայացել է նաև «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասկացել են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ունեն համապատասխան ՏՏ լուծումներ տուրիզմի խթանման և աջակցման համար: Հանդիպման արդյունքում ձևավորել է ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող «ՏՏ և տուրիզմ» քննարկման օրակարգը: 
Նշենք, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ