Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք է բաժանվում


Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք է բաժանվում

  • 14-05-2017 17:52:23   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին  բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը և հայտնել, որ հարձակվել են Երևանի Աճառյան- 22 հասցեում (Ավան վարչական շրջան) գտնվող Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի վրա:
Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին, առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝  այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:
 Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ, ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա  նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play