«Էրեբունի» թանգարանում կնշվի Թանգարանների միջազգային օրը


«Էրեբունի» թանգարանում կնշվի Թանգարանների միջազգային օրը

  • 16-05-2017 16:39:28   | Հայաստան  |  Մշակույթ

Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Ամեն տարի ԻԿՕՄ-ը՝ Թանգարանների միջազգային խորհուրդը, հանդես է գալիս ընդհանուր կարգախոսով: Այս տարի հասարակությանն առաջարկվել է «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը:                                                                                                              
 2017թ. մայիսի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Թանգարանների միջազգային օրվան կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով: Լինելով ուրարտական բացառիկ արժեքների պահպանությունն ու հանրահռչակումն իրականացնող եզակի  թանգարաններից մեկը ՀՀ-ում, ինչպես նաև կարևորելով Վանի՝ Հայոց առաջին մայրաքաղաքի դերն ու նշանակությունը, հարուստ պատմամշակութային, ի մասնավորի ուրարտական ժառանգությունը՝ «Էրեբունի» թանգարանը, Օրվա խորագրին համահունչ, կներկայացնի կորուսյալ Վան մայրաքաղաքին  և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք մեծապես հայտնի են գիտական շրջանակներին, սակայն կարիք ունեն ներկայացվելու լայն հանրությանը: 
 
Ցուցադրվող պաստառներում անդրադաձ է արված Վան քաղաքի պատմությանը նախապատմական, ինչպես նաև հետուրարտական ժամանակաշրջանում: Ցուցադրվող նյութերը այցելուներին կպատմեն  Վան-Տուշպայի հիմնադրման, Տուշպայի ուրարտական ժայռափոր դամբարանների, նշանավոր արձանագրությունների, Մհերի Դուռ, Գանձադուռ և այլ կառույցների մասին: Առանձին  պաստառներով ներկայացված է հետուրարտական ժամանակաշրջանի Վանը. մի ժամանակահատված, երբ ստեղծվեց Երվանդունիների հայկական թագավորությունը և Վան-Տուշպան դարձավ նրա կարևորագույն կենտրոններից մեկը:                                                                                                                                              
 Մայիսի 18-ին  առաջին անգամ կցուցադրվի նաև Վանից հայտնաբերված Ք.ա. 8-7-րդ դարերով թվագրվող, թանգարանի ֆոնդերում պահվող սափորը, որը թանգարանին  է հանձնվել 2014թ.: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի»  թանգարանում 2017թ. մայիսի 18-ին, ժամը՝ 14:00-ին, /ք.Երևան, Էրեբունի փող. 38/: Այն  կգործի մինչև հունիսի 18-ը:                    
 
 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play