Հասարակական գործիչները պահանջում են դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի և ընկերների նկատմամբ հետապնդումները
16-05-2017 17:58:06 | Հայաստան | Քաղաքական
Անահիտ Թարհանյանը, ով հանդիսանում է Սարի թաղի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալված Անդիաս Ղուկասյանի կինը, հանդես է եկել «Ընդդեմ քաղաքական հետապնդումների» վերտառությամբ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա Ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող Հակաճգնաժամային Խորհուրդը, որի անդամն եղել Անդրիաս Ղուկասյանը, գործել է բացարձակապես օրինական և խաղաղ միջոցներով։
Հատուկ քննչական ծառայությունը շինծու մեղադրանք է ներկայացրել Անդրիաս Ղուկասյանին, իբր նա «Սասնա Ծռերին» միանալու նպատակով հուլիսի 29-ին Սարի Թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի վարչախմբի փորձերը նման էժանագին ճանապարհով արդարացնել հուլիսյան օրերին տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները և քողարկել իրականում տեղի ունեցած ոստիկանության կողմից հանրության դեմ կատարված ծանր հանցագործությունները։
Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների դեմ քրեական հետապնդումները, մասնավորապես հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպման և մասնակցելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Հովհաննես Ղազարյանի, Վահագն Ղումաշյանի և Գագիկ Առուստամյանի դեմ քրեական հետապնդումները։