Նոր հնարավորություն Արևմտյան Հայաստանի տարածքում վիրտուալ շրջելու և պատմամշակութային կոթողները 360°-ով տեսնելու համար (տեսանյութ)


Նոր հնարավորություն Արևմտյան Հայաստանի տարածքում վիրտուալ շրջելու և պատմամշակութային կոթողները 360°-ով տեսնելու համար (տեսանյութ)

  • 16-05-2017 20:11:24   | Հայաստան  |  Կազմակերպություններ



 
Մեկ ամիս շարունակ Հայաստանի ազգային պատկերասրահում մեզանից յուրաքանչյուրը բացառիկ հնարավորություն կունենա եռաչափ ակնոցների օգնությամբ տեսնել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° աստիճան պատկերները: 
Խոսքը «Ucom» ընկերության աջակցությամբ իրականացված «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրության մասին է, որի շրջանակներում կկարողանանք պարզել, թե ինչ առանձնահատկություններ ունեն Մուշի, Վանի, Սասունի, Ուրֆայի և այլ հայտնի բնակավայրերի ճարտարապետական կառույցները կամ դրանցից որոնք են կանգուն մնացել և ինչ վիճակում են գտնվում այսօր: 
Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական պատմական հուշարձանների պահպանությունը` Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը բարձր գնահատեց նկարահանող խմբի կատարած աշխատանքը, որի շնորհիվ այսօր հայ հասարակությունը հնարավորություն ունի տեսնելու կորուսյալ հայրենիքում գտնվող մշակութային գանձերը: 
Նրա համոզմամբ` դժվարին և երբեմն կյանքի համար վտանգավոր պայմաններում հավաքագրված ամբողջ նյութը կարող է հիմք հանդիսանալ գիտական վերլուծությունների, ուսումնասիրությունների և պատմական արխիվների համար:
«360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությանը բացի հայտնի հասարակական ու մշակութային գործիչներից, ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Վերջինս անձամբ փորձեց եռաչափ ակնոցները և փոքրիկ շրջապտույտ կատարեց Արևմտյան Հայաստանի իր նախընտրած վայրերից մեկում: Նախարարը տպավորություններով կիսվեց լրագրողների հետ:
Նախագծի հեղինակները վստահ են, որ գալու է այն օրը, երբ պատմական հայրենիքի գանձերը կվերականգնվե ու կփայլեն իրենց նախնական տեսքով միացյալ Մեծ Հայքի կազմում: 
Ցուցադրությունը կշարունակվի մինչև հունիսի 16-ը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play