Մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը


Մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը

  • 17-05-2017 15:10:35   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Գյումրիում մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը, որի շրջանակներում Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում տեղադրվել են 45 ԿՎտԺ հզորությամբ արևային համակարգեր, որոնք հաստատությանը կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի: Ծրագրի նպատակն է մասայականացնել արևային էներգիայի օգտագործումը` ապահովելով խնայողություն, բնապահպանություն և անվտանգություն, իսկ խնայած միջոցները ներդնել կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:  Ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ ֆինանսավորմամբ, գործընկերներն են «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ը ու «Արփի Սոլար» արևային տեխնոլոգիական ընկերությունը:
 
«Սա ոչ միայն ուղղակի խնայողություն է այս հաստատության համար, այլև մեր երկրի անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարևոր նախաձեռնություն։ Այն մեր հայրենիքն ու աշխարհն ավելի լավը, ավելի անվտանգ դարձնելու ծրագիր է, որով պետք է վարակել ողջ հասարակությանը, մանավանդ կան բոլոր գործիքները, որոնք հասանելի են դարձնում արևի էներգիան բոլորի համար։ Յուրաքանչյուրը կարող է միանալ ծրագրին, և մենք կառաջարկենք խնայողության և զարգացման մոդել հենց այդ հաստատության համար»,- նշեց «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը: 
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ այս միջոցառման ամենամեծ արժեքը համագործակցությունն է՝ մեկ գաղափարի շուրջ մի շարք կազմակերպությունների համախմբումը, - «Մեր նպատակն է նմանատիպ ծրագրերով խթանել տեխնոլոգիական կրթությունն ու ունենալ շատ ավելի ուժեղ երկիր։ Հատկապես վերջին տարիներին մենք մեծ ջանքեր ենք գործադրում ամբողջ Հայաստանում այս ներուժի զարգացման ուղղությամբ, և պետք է ասեմ, որ արդյունքները գերազանցում են մեր ակնկալիքները, քանի որ մեր երեխաները շատ տաղանդավոր են»։ 
 
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգանավոր Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ծրագիրն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները և գյումրեցիներ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play