ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30հա մշակովի հողեր


ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30հա մշակովի հողեր

  • 17-05-2017 16:58:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի (Խոր Վիրապ) համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հյուրընկալեց ԱՄՆ ՄԶԳ (USAID) տարածաշրջանային իրավախորհրդատու Ջեյմս Քելեհերին, տարածաշրջանային ֆինանսական վերահսկիչ Ռոբերտ Արելանոյին և տարածաշրջանային պայմանագրային գրասենյակի տնօրեն Մայքլ Ռոսմանին:
 
Նրանք ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության պատվիրակության հետ այցելեցին Փոքր Վեդիում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերակառուցված խորքային հորի տարածք, որտեղից նաև սկիզբ է առնում նույնպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կառուցված 560մ. երկարությամբ ոռոգման ջրագիծը: 
 
Նախագիծն իրականացել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: 
 
Ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ հորը և ջրագիծը ոռոգման ջրով են ապահովում 40 տնային տնտեսություններին պատկանող 30 հեկտար մշակովի հողերը: Ծրագրի շահառուներից ֆերմեր Գառնիկ Մանուկյանն էլ վստահեցրեց, որ մինչև ջրագծի շահագործումը գյուղացիները չէին կարողանում մշակել, ուստի և հավելյալ եկամուտ ստանալ այդ 30 հեկտար հողերից: 
 
Այնուհետև հյուրերն այցելեցին «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում շինանյութի տեսքով դրամաշնորհ ստացած հայր և որդի Զոհրապ և Արմեն Ղազարյանների ջերմոց: 270քմ. տարածքով ջերմոցում այցի պահին աճեցվում էր լոլիկ: Լոլիկից հետո ծրագրի շահառուներն աճեցնելու են վարունգ: Զոհրապ Ղազարյանի խոսքով՝ ջերմոցը թույլ տվեց հավելյալ եկամուտ ունենալ նաև ձմռան ընթացքում՝ շուկայում ավելի թանկ վաճառելով այնտեղ աճեցված բանջարեղենը: Արմեն Ղազարյանն էլ ասաց, որ նախատեսում են շուտով կառուցել նոր՝ 1000քմ. տարածքով ջերմոց: 
 
# # #
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը  և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): 
 
USAID/PRP  ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել.
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ) 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play