Հայտնի է, թե «Ծառուկյան» դաշինքից ով կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի և 3 հանձնաժողովների նախագահների պաշտոնները


Հայտնի է, թե «Ծառուկյան» դաշինքից ով կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի և 3 հանձնաժողովների նախագահների պաշտոնները

  • 17-05-2017 17:42:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ծառուկյան» դաշինքը քիչ առաջ ավարտեց ներկուսակցական քննարկումները: Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 6-րդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 
 
«Հաշվի առնելով, որ ըստ նոր Սահմանադրության՝ ԱԺ 3 փոխնախագահներից մեկը կարող է լինել ընդդիմության ներկայացուցիչ, ապա «Ծառուկյան» դաշինքը քննարկումների արդյունքում որոշել է, որ դա կլինի Միքայել Մելքումյանը»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է հանձնաժողովների փոխնախագահների հարցին, ապա պատգամավորն ասաց, որ այդ հարցը դեռևս քննարկված չէ, սակայն նշեց, որ քննարկվել է հարցը, թե ով կզբաղեցնի 3 հանձնաժողովների նախագահների պաշտոնները, որոնք վերապահված է «Ծառուկյան» դաշինքին: Այսպիսով՝ 3 հանձնաժողովի նախագահների պաշտոնում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։ 
 
Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ երբ խորհրդարանը վերջնական տեսքի կգա, այդ ժամանակ էլ կորոշվի, թե ով որ հանձնաժողովի նախագահը կլինի. «Խմբակցության քարտուղարի և մյուս այլ հարցերը վաղն արդեն կորոշվեն»։
 
Հարցին,թ ե մանդատներից հրաժարվողներ կլինե՞ն, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ուրիշների փոխարեն չեն կարող որևէ բան որոշել. «Վաղն ամեն ինչ տեղի կունենա ձեր աչքի առաջ: Պատգամավորներն իրենք են որոշում, և իրենք վաղը իրենց կամքը կարտահայտեն»։ 
 
Դիտարկմանը, թե նրանք ցանկանում են հրաժարվե՞լ մանդատներից, պատգամավորն ասաց, որ նման գործընթաց չկա, քննարկումները եղել են առողջ մթնոլորտում:  
 
«Տարաձայնությունների խնդիր չկա, անլուծելի հարց «Ծառուկյան» դաշինքում գոյություն չունի»,-ասաց նա և այլ հարցերի հրաժարվեց պատասխանել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play