Նոր գույք Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համար


Նոր գույք Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համար

  • 17-05-2017 19:12:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
 
Մայիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այցելեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն՝ ծանոթանալու Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված փրկարարական գույքի և սարքավորումների առաջին 3 խմբաքանակներին: Նախարարն ու դեսպանը շրջեցին կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով վերջինիս հագեցվածությանն ու հնարավորություններին:
 
Գույքը նախատեսված է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վերազինման և կարողությունների բարձրացման համար: Նշենք, որ այն տրամադրվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը միակն է տարածաշրջանում և նախատեսված է նաև այլ երկրներում փրկարարական աշխատանքների կատարման համար:
 
Համագործակցության շրջանակներում տրամադրված գույքը ներառում է փրկարարական գործիքների լրակազմ, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար: Կան նաև հատուկ սարքավորումներ՝ մոտոպոմպեր, նախատեսված ջրահեռացման աշխատանքներ կատարելու համար:
 
Ի. Վոլինկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս համագործակցությունը երկու դաշնակից երկրների միջև ձևավորված համագործակցության մի մասին է միայն: Ըստ նրա՝ այս սարքավորումները շատ կարևոր և անհրաժեշտ են, քանի որ դրանք թույլ կտան կենտրոնին աշխատել իր ողջ ներուժով և լուծել իր առջև դրված շատ խնդիրներ:
 
- Սա միայն սկիզբն է. 2017-18 թթ. ընթացքում կլինեն նորանոր սարքավորումներ և փրկարարական տեխնիկա: Այս գույքը կծառայի, ինչպես Հայաստանին, այնպես էլ կունենա տարածաշրջանային նշանակություն, - եզրափակեց Ի. Վոլինկինը:
 
Հայ-ռուսական կենտրոնին տրամադրվող գույքը կծառայի Հայաստանում, ՌԴ-ում և հնարավոր է նաև երրորդ երկրում ծագած արտակարգ դեպքերին արձագանքելու համար: Այն նախատեսված է նաև ոլորտում Հայաստանի կարողությունները հզորացնելու համար:
 
Սարքավորումների և տեխնիկայի մի մասը կշահագործվի ՓԾ տարբեր ստորաբաժանումների կողմից: Դրանք կներառեն նաև կենսապահովման համար նախատեսված զանազան պարագաներ՝ ինչպես օրինակ՝ փրկարարական վրաններ՝ նախատեսված դեպքի վայրում թե՛ անձնակազմի, և թե՛ տուժածների կարիքները բավարարելու համար:
 
Հայաստանին տրամադրվող գույքի մյուս խմբաքանակն այստեղ կլինի մինչև առաջիկա շաբաթը: Ցանկը կներառի ամենատարբեր փրկարարական, ջրափրկարարական գործիքներ, ինչպես նաև՝ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ:
 
← Վերադառնալ ցուցակին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն