Բեյրութից Վաշինգտոն`Անկարայի նետած ձեռնոցները.Շահան Գանտահարյան


Բեյրութից Վաշինգտոն`Անկարայի նետած ձեռնոցները.Շահան Գանտահարյան

  • 18-05-2017 14:23:21   | Լիբանան  |  Վերլուծություն

Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի դեմ կազմակերպված հայկական-հունական-ասորական-քրդական միացյալ խաղաղ ցույցի ընթացքում, էրդողանական թուրքերի կողմից ցուցարարների դեմ կատարված հարձակումը, սովորական պահի անմիջականության տակ ստեղծված պատահարի տեսությունից շատ հեռու է։
 
Նախ, հայտարարված ցույցի դեմ հակացույց կազմակերպելը նախապատրաստված, ծրագրված եւ ցույցին փոխանցելիք ուղերձները չեզոքացնելու միտող քաղաքական գործողություն էր, առաջին հերթին այն տպաւորութեամբ, որ կազմակերպվել էր Վաշինգտոնում թուրքական համայնքի կողմից։
 
Բախումների սկիզբի պատճառը թեեւ ներկայացվում է իբրեւ քրդական դրոշի հետ կապված երեւույթ, այսուհանդերձ զարգացումն ու մասնակիցների կարգավիճակը քրդական դրոշի երեւույթին տալիս են պատճառականության պատրվակային բնույթ։
 
Էրդողանի վարած քաղաքականության դեմ ցույցը առիթ էր Անկարայի անվտանգության վարիչների  ներքին բռնությունները արտածելու Թուրքիայից դուրս. ինչպես Թուրքիայի սահմանադրության հանրաքվեի ընտրարշավը պետք է կազմակերպվեր նաեւ Թուրքիայից դուրս, այնպես նաեւ ներքին բռնամիջոցը պետք է ինքն իրեն դրսեւորեր Թուրքիայից դուրս, այլ քաղաքներում։
 
Այս ուղերձը ուղղված լինելով առաջին հերթին Էրդողանի քաղաքականության դեմ դիրքորոշված համայնքներին եւ ազգաբնակչություններին, ուղերձ էր նաեւ այս դեպքում Վաշինգտոնին։
 
Հարձակումը, խոշտանգումը, բռնությունը խաղաղ ցուցարարների դեմ ուղղված լինելով, ուղղվել էր նաեւ ամերիկյան ոստիկանության դեմ։ Իսկ այստեղ ամենաուշագրավ բաժինը այն էր, որ խաղաղ ցուցարարների դեմ հարձակվողները, առաջին հերթին, հակացուցարարները չէին։ Հիմնականում, Էրդողանի պաշտոնական թիկնազորի մաս կազմողները, այլ խոսքով Անկարայի անվտանգության համակարգի աշխատակիցներն են, ովքեր հարձակվում են Էրդողանի քաղաքականության դեմ հակադրված հայ, ասորի, հույն եւ քուրդ ցուցարարների դեմ։
 
Այս նախադրյալները հուշում են, որ Թուրքայից դուրս եւս Էրդողանի քաղաքականությանը դեմ արտահայտվելու «համարձակություն» ունեցողները բռնության պիտի ենթարկվեն այնպես, ինչպես բռնության են ենթարկվում Թուրքիայում։ 
 
Այս նախադրյալների իրողականությունը աւելի համոզիչ է դառնում, երբ մտաբերում ենք Բեյրութում թե՛ Գալիպոլիի մասին ցուցադրված ֆիլմի ընթացքում քաղաքակիրթ հակազդեցության դեմ կատարված ֆիզիկական խոշտանգումները եւ թե՛ Բեյրութի առեւտրական կենտրոնում  թուրքական արտադրությունների դեմ օրենքի սահմաններում դրսեւորված բողոքի ելույթները խուլիգանական բռնությամբ լռեցնելու թուրքական փորձերը։ 
 
Երկու դեպքում էլ հակազդեցությունները կրում էին տեղի թուրքական դեսպանության անվտանգության աշխատակիցների ձեռագիրը. եւ ոչ միայն ձեռագիրը, այլ նաեւ նրանց ուղղակի մասնակցությունը։
 
Անկարայի կողմից նոր ձեռնոց, նոր մարտահրաւեր է նետվում։ Հայկական կողմից նախաձեռնված, թե հայկական մասնակցությամբ Անկարայի քաղաքականությանը դեմ դրսեւորելի որեւե բողոքի գործողություն պետք է այսուհետև հաշվի առնի հակագործողության նախապատրաստությունը, հակացույցը, հարձակումը, խոշտանգման փաստերը։ Թուրքական այս վարքագիծը սակայն պարտավոր է որ հաշվի առնվի այս դեպքում Սպիտակ տան անվտանգության համակարգի կողմից եւ իհարկե բողոքի գործողություն կազմակերպողների կողմից։
 
Նման վարքագիծը կստանա իր պատասխանը. իսկ այս բոլորը հուշում են, որ խաղաղ ցուցարարները այլապես պատրաստված պիտի լինեն, համարժեք պատասխան տալու համար։ Նետված ձեռնոցները վերցնողներ անպայման կլինեն ։
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն