Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումները Գուրիա երկրամասում


Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումները Գուրիա երկրամասում

  • 18-05-2017 15:16:52   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 16-ին Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Վրաստանի Գուրիայի երկրամաս, որի վարչական կենտրոն Օզուրգեթում հանդիպում ունեցավ Գուրիայի նահանգապետ Գիա Սալուկվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև փոխնահանգապետ Գիա Էբրալիձեն, Օզուրգեթի քաղաքապետ Բեգլար Սիորիձեն, Օզուրգեթի մունիցիպալիտետի (վարչական շրջանի) ղեկավար Մերաբ Չանուկվաձեն և Գուրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Գուրիա երկրամասի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Առանձնակի կարևորություն տրվեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ քաղաքային և համայնքային մակարդակներով ապակենտրոնացված համագործակցության ծավալման նպատակով ուղիղ կապով փոխշահավետ առնչությունների համար պայմանների ստեղծմանը:
 
Նահանգապետ Սալուկվաձեն և գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը շոշափեցին արդյունաբերական, գյուղատնտեսական մթերքի արտադրության, վերամշակման և մատակարարման ձեռնարկությունների կամ միմյանց տարածքներում դրանց մասնաճյուղերի ստեղծման, ինչպես նաև մշակութային հնարավոր փոխանակումներին առնչվող հարցեր:
 
ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ներդրումային պայմանների մասին: Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործմանն ուղղված քայլերի հետևողական իրականացման իրենց մտադրությունը:
 
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպման ժամանակ քննարկվեցին կրթամշակութային խնդիրներ, որոնք առնչվում են կիրակնօրյա դպրոցի գործունեության բարելավման, սփյուռքահայության համար Հայաստանում կազմակերպվող ձեռնարկներին համայնքի ներկայացուցիչների մասնակցության հարցերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play