Թեմատիկ ցուցահանդեսներ՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով


Թեմատիկ ցուցահանդեսներ՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով

  • 18-05-2017 18:07:16   | Հայաստան  |  Մշակույթ

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ըստ ավանդույթի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ: Այս տարի ցուցահանդեսներն անցկացվել են «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում» ընդհանուր խորագրի ներքո և թանգարաններ մուտքն էլ եղել է ազատ ինչպես  մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ Երևանի հյուրերի համար: 
 
Թանգարանների միջազգային օրվան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվել են Վանին և Վան քաղաքի շրջակա տարածքներին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնց մեծամասամբ տեղեկացված են գիտական շրջանակները և այժմ դրանք ներկայացվում են նաև լայն հանրությանը:
Ժամանակակից արվեստի թանգարանն էլ օրվա առիթով կազմակերպել է «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացվել են Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքներ:
Կարեն Դեմիրճյանի թանգարանն էլ այցելուներին ներկայացել է «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագիրը կրող ցուցահանդեսով: Ավելի քան 30-ամյա իրերի շնորհիվ այստեղ վերարտադրվել է խորհրդային ժամանակների մթնոլորտը, ցուցասրահում գտնվող հնաոճ հեռուստացույցով էլ ցուցադրվել են ԽՍՀՄ տարիների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվա առիթով անվճար է եղել ոչ միայն վերոնշյալ ցուցահանդեսների, այլև թանգարանների հիմնական ցուցասրահների մուտքը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ