Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին


Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին

  • 18-05-2017 18:50:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին: Կարեն Կարապետյանը նշել է, որ  Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդի մատված գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար: Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, հետաքրքրվել է, թե ինչ փուլում է այդ գույքի հաշվառումն ու ուսումնասիրությունը: Վարդան Արամյանը որոշ մանրամասներ է ներկայացրել տարվող այդ ուղղությամբ  աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ավելի ամբողջական տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում:
 
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ այն բիզնեսի նկատմամբ, որը չի աշխատում, պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ: «Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի և կարծում եմ տրամաբանական ժամկետ սահմանի՝  նշելով, որ եթե  գույքն աշխատեցնեն, ապա  պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվելու, հակառակ դեպքում՝  կիրառվելու է: Դա պետք է լինի կանխատեսելի և այնպես չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք՝ առանց իրեն զգուշացնելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մաղթելով նորանոր  հաջողություններ. «Ամեն ինչով սատարելու ենք, որպեսզի Երևանը դառնա ավելի լավը»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play