Օրենսդրական նախաձեռնություններ. Կառավարություն


Օրենսդրական նախաձեռնություններ. Կառավարություն

  • 18-05-2017 18:57:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
 
Օրինագծի ընդունման արդյունքում կստեղծվի համապատասխան իրավական դաշտ: 
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:  Ըստ այդմ՝  նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 30 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ,  ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվի ՀՀ քաղաքացի հանդիսացող և քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող և այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը: Մասնավորապես, կնախատեսվի վերոնշյալ անձանց կարգավիճակը դադարելուց հետո գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորությունը և սահմանված ժամկետում ու կարգով օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները: 
Հավանության է արժանացել  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում Հարևանային իրավունքի ներդրումն է, ինչն էլ կարգավորելու է ազդեցություն առաջացնող հողամասերի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ  սեփականության իրավունք ունեցող անձանց միջև ծագած հարաբերությունները, սահմանելու է, թե որ հողամասերն են «հարևանային», ինչ պարտականություններ ունեն հարևանները միմյանց նկատմամբ և այլն: Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հարևանների կողմից հարգանք ցուցաբերելու պարտականությունը, որի պարագայում հարևանը պարտավորվում է հանդուրժել հարևան անշարժ գույքից իր սեփականություն ներթափանցող ազդեցությունը, որը չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը կամ այդ ազդեցությունը պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։ 
Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ  օրենքների նախագծերի  փաթեթին, որի նպատակն է բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը: Ներկայացվող նախագծերն ընդունվելու դեպքում կապահովվի միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորումների կիրարկման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն միջազգային կազմակերպությունից ստացված` անձնավորված տվյալներն անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգ ներառելու ընթացակարգի խնդրի լուծումը: Նախագծով առաջարկվում է անձնավորված տվյալները տեղեկատվական բազա ներառել պետական մարմնի միջոցով` ՀՀ կառավարության սահմանած կարգով: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն