Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին


Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին

  • 18-05-2017 19:23:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Նամակում մասնավորապես ասված է.
 
«Մեծարգո պարոն Բաբլոյան, 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանը իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու կառավարում ապահովելու, իրավական պետության օրենսդրական կառուցակարգերը զարգացնելու և ժողովրդավարական արժեքները ամրապնդելու գործում: Նոր խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ բացում է նոր էջ, որում օրենսդիր մարմնի դերակատարությունն անհամեմատ ավելի մեծ ու պատասխանատու է լինելու: Վստահ եմ` Ձեր մարդկային բարձր արժանիքներն ու երկարամյա փորձը ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգի կայացմանը:
 
Արցախի Հանրապետության խորհրդարանում մշտապես զգացել են հայաստանյան գործընկերների ուշադրությունն ու աջակցությունը, որի ցայտուն վկայությունն է երկու հայկական հանրապետությունների միջև խորհրդարանական արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը: Համոզված ենք, որ հարաբերությունների առկա մակարդակը հիմք կհանդիսանա նոր որակի փոխգործակցության համար:
 
Վերստին շնորհավորելով Ձեզ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ՝ ի շահ մայր հայրենիքի և համայն հայության»:
 
 
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն