ԵՄ-Հարավային Կովկասի երկրներ. <<Անանցանելի արգելք>>


ԵՄ-Հարավային Կովկասի երկրներ. <<Անանցանելի արգելք>>

  • 20-05-2017 11:40:14   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում սկսեց ձևավորվել և ապա՝ ակտիվանալ ԽՍՀՄ փլուզումից հետո: ԽՍՀՄ փլուզումը հիշյալ տարածաշրջանում առաջացրեց մի վակուում, որը պետք է լրացվեր քաղաքական այլ խաղացողների կողմից: ԽՍՀՄ փլուզումից հետո, չնայած Ռուսաստանը իրեն հռչակեց ԽՍՀՄ իրավահաջորդ և հիմք դրեց ոչ պաշտոնական ԱՊՀ-ին, այնուամենայնիվ, նրա դիրքերը թուլացան Հարավային Կովկասում. մեկը մյուսի ետևից հարավկովկասյան պետությունները հռչակեցին իրենց անկախությունը, և նոր ձևավորվող պետությունները ինքնուրույն հանդես գալու առաջին փորձերը կատարեցին միջազգային իրադրությունում: 
 
Այս նոր ձևավորվող միջազգային քաղաքական իրադրությունում՝ այսպես ասած, միաբևեռ աշխարհում, տեղի ունեցան որոշ փոփոխություններ ուժերի հարաբերակցությունում: Արևելյան Եվրոպայի երկրները իրենց կողմնորոշումը փոխեցին դեպի Եվրոպա, իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանում սկսեցին ակտիվանալ ԱՄՆ-ը, Թուրքիան: ԵՄ-ն քաղաքական ակտիվություն չդրսևորեց. նրա անդամներից Մեծ Բրիտանիան, ելնելով իր տնտեսական շահերից, իր հավակնությունները ցուցաբերեց Ադրբեջանի նավթաջրածնային պաշարների նկատմամբ: Բրիտանական նավթային ընկերությունների ակտիվ ներգրավումն ադրբեջանական նավթահանքերի շահագործման ոլորտում և նավթի արդյունահանման և հետագա տեղափոխման պահանջը Մեծ Բրիտանիայի իշխանություններին դրդեցին վարել ակտիվ քաղաքականություն Հարավային Կովկասում: Եվ պատահական չէ, որ բրիտանական նավթային կազմակերպությունները առաջինն էին, որ սկսեցին ուսումնասիրել Ադրբեջանի տարածքում առկա նավթի պաշարները 7 արդյունքում դարձան ադրբեջանական նավթահանքերի ամենամեծ մասնաբաժինն ունեցող կազմակերպությունները:
 
Նախ նշենք, թե ինչով է տարածաշրջանը կարևոր ԵՄ-ի համար. Նշենք ամենակարևորները.
 
1. Եվրոպական և Եվրո-ատլանտյան կառույցների ընդլայնման հետևանքով նախկինում հեռու գտնվող շրջանները ավելի մոտ դարձան նրանց, և պետք էր դրանք ներգրավել իր քաղաքական ազդեցության գոտում՝ կապված աշխարհաքաղաքական և տնտեսական շահերով:
2. Ռուսաստանից ԵՄ-ի աճող էներգետիկ կախվածությունը թուլացնելու
3. Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու խնդիրը
4. Դեպի Կասպից ծովի ածխաջրածնային պաշարներով հարուստ շրջաններ դուրս գալը
5. Եթե իր քաղաքական ազդեցության գոտում հայտնվի Հարավային Կովկասը, ապա այն կլինի պլացդարմ Կենտրոնական Ասիա ներթափանցելու համար
Թե դրանցից որոնցում և որքան հաջողեց ստորև կներկայացնեմ:
1. ԵՄ-ն սկսած ԽՍՀՄ փլուզումից տարածաշրջանին առաջարկեց մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց միջոցով պետք է տվյալ երկրները ինտեգրացվեին ԵՄ-ին: Տվյալ պետությունները հանդիսանում եմ Եվրոպայի Խորհրդի անդամներ, որը բերեց փոփոխություններ երկրների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ:
1991թ. ԵՄ-ի հանձնաժողովը ձեռնամուխ եղավ մի ծրագրի, որ կոչվում է Տեխնիկական օժանդակություն ԱՊՀ երկրներին(TACIS): Ծրագրի նպատակն էր խորացնելու շուկայական տնտեսությունը և ժողովրդավարությունը այս երկրներում:
Այս գործողություններին հաջորդում են TRACECA և INOGATE: Այս ծրագրերից առաջինը գործողության մեջ դրվեց 1993թ. առևտրական ու տնտեսական հարաբերություններին նպաստելու համար տրանսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու միջոցով: Իսկ երկրորդ ծրագրի միջոցով, որին ԵՄ-ը ձեռնամուխ եղավ 1999թ-ին, ԵՄ-ն երկու նպատակ էր հետապնդում. ա. Գրավել մասնավոր ներդրողների և ֆինանսական ինստիտուտների ուշադրությունը կասպյան շրջան, բ. Կատարելագործել Եվրոպայի էներգիայի մատակարարման անվտանգությունը գազատարների ու նավթամուղերի համակարգերի ցանցը խթանելու և դեպի Արևմուտք ածխաջրածինների տեղափոխումը հեշտացնելու միջոցով:
ԵՄ-ը տարածաշրջանում հանդես է գալիս <փափուկ ուժի> քաղաքականության դիրքերից: ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերությունների համար իրավական հիմք է հանդիսանում գործընկերության և Համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը(Partnership and Cooperation Agreement-PCA), որը ստորագրվել է տարածաշրջանի յուրաքանչյուր պետության հետ 1996թ. ապրիլին և ուժի մեջ է մտել 1999թ. հունիսին: Այս համաձայնագրերը նախատեսում են առևտրի ազատականացում, տնտեսական համագործակցություն և համագործակցություն այլ ոլորտներում, ներառյալ հանցավորության և անօրինական գաղթի դեմ պայքար:
2003թ-ից ԵՄ-ն սկսեց Եվրոպայի Հարևանության քաղաքականությունը, որը նպատակ էր հետապնդում ինտեգրացնել Հարավային Կովկասի երկրները այդ ծրագրի մեջ: Սակայն սա էլ լուրջ քաղաքական ազդեցություն չունեցավ:
   ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերությունների մեջ նոր փուլ հանդիսացավ Արևելյան Գործընկերության նախաձեռնությունը: Արևելյան Գործընկերությունը պաշտոնապես ներկայացվել է 2008թ. մայիսի 26-ին Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարների` Ռ. Սիկորսկու (Radosław Sikorski) ու Կ. Բիլդթի (Carl Bildt) կողմից: Նախաձեռնությունը ներկայացնելու ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին հայտնեց. «Հարավում գտնվում են Եվրոպայի մեր հարևանները, արևելքում` մեր եվրոպական հարևանները: Նրանք բոլորն էլ ունեն մի օր դիմելու ԵՄ-ի անդամակցությանը»:
   Լեհ-շվեդական նախաձեռնությունը կենտրոնացված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի վրա և նպատակ ունի ընդլայնել ԵՄ-ի երկկողմ հարաբերությունները այդ երկրների հետ այնպես, որ դրանք առաջ անցնեն Եվրոպական հարևանության քաղաքականությունը ու հիմնեն մշտական բանաձև տարածաշրջանում բազմակողմ համագործակցության համար:
   Արևելյան Գործընկերության նախաձեռնությունը կարող էր դառնալ անկյունաքար հետագայում վերը նշված երկրների համար ԵՄ-ին անդամ դառնալու: Ամեն դեպքում, որպես արդյունք կարող ենք նշել, որ ռուսական ազդեցությունը թույլ չի տալիս ԵՄ-ին ազատ գործելու տարածաշրջանում: Երեք պետություններից միայն Վրաստանում կարելի է մասամբ հաջողված համարել ԵՄ-ի քաղաքականությունը:
 
 Հակոբ Խաչատրյան
պատմության ֆակուլտետ
մագիստրատուրա առջին, կովկասագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play