Լոռու մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժողովը չի արձանագրել ավագանու թույլ տված խախտումները.«Հետք»


Լոռու մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժողովը չի արձանագրել ավագանու թույլ տված խախտումները.«Հետք»

  • 19-05-2017 16:26:10   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

2016թ. Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը հսկողություն է իրականացրել մարզի Ուռուտ համայնքում` ստուգելով համայնքի ղեկավարի ու ավագանու վերջին երեք տարիների՝ 2013-2015թթ. գործունեությունը:
 
Եթե հավատանք ստուգման արդյունքներին, ավագանու գործառություներին վերաբերող հարցաշարի «Համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը» կետով հանձնաժողովը որևէ խախտում չի արձանագրել:
 
Այս կետով խախտում չարձանագրվելու հանգամանքը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց նաև Ուռուտի համայնապետ Սերգո Ջուլհակյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ համայնքային բյուջեից սոցօգնություն տողով նախատեսված հատկացման չափը մոտ 3 մլն դրամ է, բնակչին տրվող աջակցության առավելագույն չափը՝ 30 000 դրամ:
 
Հանձնաժողովի փոխարեն «Համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը» կետով խախտումներ ավագանու որոշումներում հայտնաբերեցինք մենք:
 
Այսպես, 2013թ. հոկտեմբերի 29-ի թիվ 25 որոշմամբ Ուռուտի ավագանին սոցիալական օգնություն հատկացնելու որոշում է կայացրել թվով 39 անձանց համար` համայնքային բյուջեից նախատեսելով 1 մլն 165 հզր դրամ:
 
Սոցօգնությունից օգտվածների թվում նշվում է նաև ավագանու անդամ Հարություն Պապյանի անունը, ում և բաժին է հասել հատկացման ամենամեծ չափը՝ 50 000 դրամ: Վերջինս էլ ստորագրել է իրեն հատկացվող սոցօգնության ցուցակի տակ: 
 
Հատկացման չափի մասին լսելով` Ուռուտի համայքապետ Սերգո Ջուլհակյանը նախ զարմացավ` ասելով՝ հնարավոր չէ հատկացման չափն այդքան մեծ եղած լինի: Ապա նշված որոշումը գտնելով` պարզաբանեց. «Հիշեցինք, երեխեն վատառողջ էր, էլի, դրա համար ենք այդքան հատկացրել: Էդ թվին կարելի էր, բայց դրանից հետո էլ այդ չափով հատկացում չենք արել»:
 
Տեսա՞ք, որ ավագանու անդամը ստորագրել է իրեն ֆինանսական օգնություն հատկացնելու մասին որոշման տակ հարցին, համայնքապետը արձագանքեց՝ հա, ո՞նց չտեսա:
 
Մեր դիտարկմանը, որ ավագանու անդամը օրենքի խախտում է թույլ տվել` քվեարկելով իրեն ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հարցին, համայնքապետը նախ նշեց՝ այ, դա չենք իմացել: Ապա զարմացավ. «...որ ավագանու նիստ ա լինում, որոշումները որ գրվում են, եթե նիստին ներկա են, ո՞նց չստորագրեն: Ախր ամբողջ գյուղում մեկը մեկին բարեկամ են: Չեմ էլ պատկերացնում, թե այլ կերպ ինչ կարելի է անել...»:
 
Համանյքապետը դիմեց աշխատակազմի քարտուղարին` ճշտելով՝ ավագանու անդամն իր հարազատին օգնելիս չպիտի մասնակցի՞ քվերակությանը: Քարտուղարը վստահ փոխանցեց՝ տան անդամին է դա վերաբերում, եթե առանձին ծուխ է, կարող է:
 
Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով «ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների ու մերձավոր բարեկամների՝ ծնող քույր, եղբայր, երեխա շահերին»:
 
Նույն որոշմամբ 35 000 դրամի չափով էլ սոցօգնություն է հատկացվել համայնքի ղեկավարի՝ Սերգո Ջուլհակյանի քրոջը՝ Սիլվարդ Ջուլհակյանին: Համայնքի ղեկավարն, ի թիվս այլ անձանց, ստորագրել է նաև իր քրոջը ֆինանսապես աջակցելու հարցին:
 
2014թ. նոյեմբերի 25-ի թիվ 20 որոշմամբ` Ուռուտի ավագանին թվով 29 բնակիչների հատկացրել է 490 000 դրամի չափով ֆինանսական օգնություն: Ավագանու անդամ Հարություն Պապյանն այս դեպքում էլ կողմ է քվեարկել եղբորը՝ Արշալույս Պապյանին 30 000 դրամ հատկացնելու մասին հարցին: 
 
 
2014թ.-ի դեկտեմբերի 10-ին ընդունված թիվ 31 որոշմամբ` ավագանին 25 բնակչի հատկացրել է ընդհանուր առմամբ 615 000 դրամի չափով ֆինանսական օգնություն: Այդ թվում 25 000 դրամ հատկացվել է Շամիր Պապյանին, ով ավագանու անդամ Հարություն Պապյանի հետ գրանցված է միևնույն հասցեում: Համայնքապետի տեղեկացմամբ` վերջինս հանդիսանում է ավագանու անդամի հորեղբոր որդին: 
 
2016թ.-ի դեկտեմբերի 16-ի թիվ 29 որոշմամբ` Ուռուտի ավագանին կրկին որոշում է կայացրել սոցօգնություն հատկացնել համայնքի անապահով բնակիչներին: Սակայն թե քանի՞ բնակչի, ի՞նչ չափով ու ընդհանրապես որքան է կազմել այս որոշմամբ կատարված հատկացումը, հնարավոր չեղավ պարզել, քանի որ Լոռու մարզպետին ուղղված, ապա մարզպետարանի պաշտոնական կայքում ավագանու որոշումները տեղադրողների՞, թե՞ համայնքի բացթողման հետևանքով առկա է միայն որոշման մի մասը: Որոշման տակ չկան նաև ավագանու անդամների անուններն ու ստորագրությունները, ինչպես նաև բնակիչների անվանացանկը, ինչը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմել հատկացումներն ստացած անձանց մասին:
 
Այդուհանդերձ, վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը որոշակի խախտումներ արձանագրել էր թե համայնքի ավագանու, թե համայնքի ղեկավարի աշխատանքում: Ըստ հանձնաժողովի արձանագրության` Ուռուտի համայնքապետը չի պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 121- րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքում առնվազն 2 000 բնակչի համար համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար մատչելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ հրապարակել տեղեկության առկայություն՝ ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ:
 
«Մենք հայտարարություների տեղ ունենք, կարող է՝ բացառություն է  եղել, չի դրվել: Խախտումն արձանագրվելուց հետո շտկել ենք»: Զրույցի ավարտին համայնքապետը շնորհակալություն հայտնեց ավագանու որոշումներին վերաբերող օրենքի դրույթը բացատրելու համար: «Շատ շնորհակալություն ուղղություն ցույց տալու համար, կաշխատենք, որ այդպիսի սխալներ էլ չլինեն»,- խոստացավ նա:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play