«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարելի են կատարված աշխատանքները


«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարելի են կատարված աշխատանքները

  • 19-05-2017 18:58:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե  Տերտերյանը:  Իր խոսքում առաջին փոխնախարարը նշել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մեկնարկած և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր համակարգմամբ իրականացվող «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարելի են կատարված աշխատանքները:
 
«Նախաձեռնության հրապարակման առաջին իսկ պահից մեր քաղաքացիական հասարակությունը, հանրային և հասարակական կառույցները շատ արագ արձագանքեցին, և հիմա մենք  ունենք ռեալ ժամանակի, ռեժիմի  մեջ աշխատող ակտիվ շփում: Մենք ունենք հարթակ, որը մեր նախաձեռնած միջոցառումներին զուգահեռ հետագայում նույնպես հնարավորություն կտա հետադարձ հսկողության և բնակչության հետ ակտիվ շփման կապի միջոցով այդ գործընթացը պահել պատշաճ մակարդակի վրա»:
ՀՀ ՏԿԶՆ աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը հանձնաժողովի անդամներին է զեկուցել ծրագրի ընթացիկ վիճակի նկարագիրը: «Բոլոր մարզային հանձնաժողովները ստեղծված են, որոնք իրենց ժամանակացույցով աշխատանքներն իրականացրել են և արդյունքները ներկայացրել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով: Ընդհանուր առմամբ, դիտարկվել են բոլոր համայնքների բյուջեները.  հանրապետության 791 համայնքից  ավելի քան 480-ն ունեն աղբահանության ծախսային հոդվածներ ամենատարբեր չափերի: Բացի այդ, բոլոր մարզային հանձնաժողովները տիրապետում են  Google Earth-ի  միջավայրում մեր կազմած աղբանոցների քարտեզներին և աշխատանքներ են կազմակերպում համաձայն այդ քարտեզների: Արդեն սկսել են  զեկուցումները՝ որտեղ քանի աղբանոց է փակված, մաքրված կամ տեղափոխված»: Զեկուցվել է նաև, որ մայիսի 19-ի դրությամբ ՀՀ Արմավիր մարզում 171 արձանագրված աղբավայրերից արդեն իսկ փակվել են 20-ը, Արարատի մարզում 261-ից 170-ը, Շիրակի մարզում 337-ից 31-ը, Կոտայքի մարզում` 184-ից 36-ը: Ըստ ՀՀ ոստիկանության, կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է  չսահմանված վայրերում աղբ թափելու 791 դեպք, չսահմանված վայրերում աղբ թափող 405 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 370-ը: Վարորդների հանդեպ տրանսպորտային միջոցներից իրեր և առարկաներ նետելու համար կազմվել է 363 արձանագրություն: 
 «Աշխատանքներն անընդհատ ընթացքի մեջ են և ավելի լավ ցուցանիշներ ունենք, քան մենք սպասում էինք: Ունենք որոշակի առաջընթաց նաև տուգանքների նշանակման բնագավառում: Ունենք հավաքագրված գործիքներ, թե տուգանքների նշանակման համար որքան իրավական փաստաթղթեր են անհրաժեշտ: Այս առումով պատրաստում ենք փաթեթ այս վարչական ակտերն անբեկանելի դարձնելու համար»,-նշել է Ա.Բախշյանը:
Նիստի օրակարգի շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են կատարված և նախատեսված աշխատանքների վերաբերյալ հաղորդումներ: Քննարկվել են նաև համապետական միջոցառման` ս.թ. մայիսի 27-ին կայանալիք շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, կազմակերպչական խնդիրները: 
 
 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play