«Ելքը» Ծառուկյան դաշինքին համարում ընդդիմություն, քանի որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում չէ


«Ելքը» Ծառուկյան դաշինքին համարում ընդդիմություն, քանի որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում չէ

  • 20-05-2017 17:24:50   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Նոր Ազգային ժողովը, որին իշխանությունն ու դրա մաս կազմող կուսակցությունները ջանք ու եռանդ չեն խնայում վերագրել քաղաքական նոր մշակույթ, մեծ դերակատարում, սերնդափոխություն եւ այլն, անմիջապես դրսեւորեց այդ ամենն առաջին իսկ նիստերում տեղի ունեցած քննարկումների ու քվեարկությունների ժամանակ:
 
ԱԺ աշխատանքի մեկնարկից ՀՀԿ ֆունկցիոներները ջանք ու եռանդ չեն խնայում Ծառուկյան դաշինքը ընդդիմություն մատուցելու համար: Դա բնական է, քանի որ նրանց առաջնորդն ասել է, որ Ծառուկյան դաշինքը պատկառելի ընդդիմություն է:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գովաբանեց ԱԺ հանձնաժողովների նախագահների ԲՀԿ-ական թեկնածուներին ու իր կուսակիցներին առաջարկեց քվեարկել նրանց օգտին, մի քանի անգամ շեշտելով, որ նրանք ընդդիմադիր թեկնածուներ են:
Ինքը Ծառուկյանը, որ նկատելի արգահատանքով է վերաբերվում «ընդդիմություն» բառին, երկար տարիներ խուսափել է ընդդիմություն լինելու մասին հարցին պատասխանելուց, այդ թվում խորհրդարանի ընտրության քարոզարշավի ժամանակ: Բայց վերջերս գտնվեց ամենափրկիչ բանաձեւը՝ «եթե ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ չենք, ուրեմն ինքնըստինքյան ընդդիմություն ենք»: Այսինքն՝ ուզած-չուզած, ինքնըստինքյան՝ շառից-փորձանքից հեռու:
Ծառուկյան դաշինքը սակայն կողմ է քվեարկել ՀՀԿ-ի ներկայացրած ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, այսպես ասած ազատ ռեժիմով:
Իր հերթին, Ելք դաշինքը հանձնաժողովների նախագահների ընտրության կապակցությամբ որոշում է կայացրել քվեարկել Ծառուկյանի թեկնածուների օգտին, թեեւ այդ դաշինքը չէր աջակցել Ելքի նախաձեռնությանը՝ պահել մարդու իրավունքների հանձնաժողովը: 
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թեեւ չեն փոխել իրենց կարծիքը այդ դաշինքի վերաբերյալ, բայց կողմ են քվեարկելու դաշինքի թեկնածուներին: Իսկ ՀՀԿ-ի թեկնածուներին դեմ են քվեարկելու, բացի Գագիկ Մինասյանից:
Փաստորեն, Ելքն էլ է Ծառուկյան դաշինքին համարում ընդդիմություն՝ նոր որակի ընդդիմություն, ինքնըստինքյան, քանի որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում չէ:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն