Աշխարհի ամենաերկար Զիփլայնը կառուցվելու է Հայաստանում. էքստրիմի սիրահարներն արդեն իսկ կարող են ձեռք բերել առաջին տոմսերը (տեսանյութ)


Աշխարհի ամենաերկար Զիփլայնը կառուցվելու է Հայաստանում. էքստրիմի սիրահարներն արդեն իսկ կարող են ձեռք բերել առաջին տոմսերը (տեսանյութ)

  • 22-05-2017 16:16:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
Շատ շուտով էքստրեմալ տուրիզմի սիրահարներն ամբողջ աշխահից հնարավորություն կունենան Հայաստանում վայելել աշխարհի ամենաերկար զիփլայնով թռչելու հաճույքը: 
Տավուշի մարզի Ենոքավան համայնում` «Յելլ էքստրիմ պարկի» տարածքում կառուցվելու է աշխահի ամենաերկար զիփլայնը` 2680 մետր երկարությամբ և 200-300 մետր բարձրությամբ: Զիփլայնով թռիչքը կտևի 3 րոպե և հնարավոր կլինի զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն: 
Մինչ տարածաշրջանում նախադեպը չունեցող այս նախագիծն իրականություն կդառնա, «Յելլ էքստրիմ պարկի» նախաձեռնությամբ կայացավ ԶԼՄ ներկայացուցիչների հերթական էքստրեմալ շրջայցը «Յելլ էքստրիմ պարկ»: Այստեղ 2015 թվականից հինգ ուղղություններով արդեն իսկ բացվել են զիփլայներ: Լրագրողները սեփական փորձով ստուգեցին պարանների ամրությունը և վայելեցին օդում կախված լինելու աննկարագրելի ու տպավորիչ ակնթարթները: 
Էքստրեմալ զբոսանքից առաջ «Յելլ էքստրիմ պարկի» թիմը լրագրողներին ծանոթացրեց Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նախնական էսքիզներին ու տեղանքին, ինչպես նաև սպասվող անակնկալներին: 
Ինչպես տեղեկացրեց «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հեղինակ և հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասն արդեն իսկ առկա է, իսկ մյուս մասը նախագծի հեղինակները որոշել են  լրացնել աշխարհում հայտնի, վստահելի և մեծ հեղինակություն վայելող միջազգային հարթակի՝ Indiegogo-ի միջոցով՝ այդպիսով համախմբելով ինչպես ամբողջ աշխարհի հայերին, այնպես էլ օտարերկրացիներին: 
Մայիսի 4-ից մեկնարկած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 8160 ԱՄՆ դոլար: 
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մինչ օրս Indiegogo-ում սկսված դրամահավաքի ընթացքում իրենց ներդրումն են կատարել այս ռեկորդային նախագծի կյանքի կոչման համար: Մենք արդեն հավաքել ենք մեզ անհրաժեշտ 20 հազար դոլարի գրեթե կեսը, արշավը շարունակվում է, և կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել՝ շտապել, քանի որ նախագծին նվիրատվություն կատարողները ստանում են հնարավորություն ձեռք բերել նվերներ իրենց օժանդակության դիմաց»,- ասաց նա:
Տ. Չիբուխչյանի խոսքերով` 60 դոլար և ավելի չափով ներդրումների դեպքում դրամահավաքի մասանակիցները կլինեն առաջիններից, ովքեր կունենան աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմս և պաշտոնական բացումից հետո կգան Հայաստան ու մեկ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կօգտվեն դրանից: Ի դեպ` միայն Indiegogo-ի միջոցով  է հնարավոր  ձեռք բերել  վաճառքի համար չնախատեսված յուրահատուկ հուշանվերների տեսականին: 
 Նրա համոզմամբ` Հայաստանում կան անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու պայմանները, որպեսզի այն դառնա էքստրեմալ տուրիզմի տարածաշրջանային կենտրոն: 
«Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել էքստրեմալ զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և աշխուժացնել սահմանամերձ համայնքները. Այս նախագծից հետո, Ենոքավան համայնքի բնակիչների մոտ ավելի է բարձրացել մոտիվացիան` իրենց գյուղում մնալու, աշխատելու և այն զարգացնելու համար»,- ընդգծեց Տ. Չիբուխչյանը` հավելելով, որ իրենց  թիմը մշակել է Ենոքավանի զարգացման ծրագիր մինչև 2025 թվականը և նախատեսել են մինչ այդ զբոսաշրջիկների թիվը հասցնել 250 հազարի: 
Նախորդ տարվա տվյալներով` «Յելլ էքստրիմ պարկ» այցելել են հիմնականում հայաստանաբնակները` շուրջ 80 տոկոս, 18-28 տարեկան երիտասարդները, իսկ Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կազմել են այցելուների 20 տոկոսը:  
«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի մարքեթինգի պատասխանատու Գեղամ Վարդանյանն իր հերթին նշեց, որ նվիրատվությունների մեծ մասը Հայաստանից է, որին հետևում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Վրաստանը, անգամ Կիպրոսն ու Կանադան:  «Նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաև  ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Մեր թիմը շատ է կարևորում այն, որ այս  նախագծի իրականացմամբ Հայաստանը ձեռք կբերի տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոնի կարգավիճակ և առավել ճանաչելի կդառնա»,- ընդգծեց նա: 
Վեջինս նաև հավելեց, որ դրամահավաքի ավարտից հետո արշավի ընթացքում  նախագծի իրականացման համար իրենց օժանդակությունը ցուցաբերած բոլոր մարդկանց անունները գրվելու են նախագծի պաշտոնական՝ www.longest-zipline.com կայքում, ինչպես նաև «Յելլ էքստրիմ Պարկ»-ում հատուկ առանձնացված հատվածում՝ որպես ռեկորդային նախագծի իրականացման մասնակիցներ, որոնց շնորհիվ և աջակցությամբ նախագիծը իրականություն է դարձել:
Indiegogo-ում հայտարարված դրամահավաքն ավարտվելու է 2017 թվականի հունիսի 2-ին: 
Նշենք, որ այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար զիփլայնը Մեքսիկայում է՝ 2545մ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play