Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ տոնական միջոցառում կկազմակերպվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում (տեսանյութ)


Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ տոնական միջոցառում կկազմակերպվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում (տեսանյութ)

  • 22-05-2017 18:34:02   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ համանուն նախաձեռնության անդամները մայիսի 28-ին տոնական միջոցառում են կազմակերպելու Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ինչպես մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  վերոնշյալ նախաձեռնության անդամ, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանը,  Զորավար Անդրանիկի արձանին հարող այգում երեկոյան ժամը 18:00-ից մինչև 20:00-ը հնչելու է ազգային երգն ու պարը` համեմված նաև ազգային խաղերով ու պարերի բաց դասով: 
Ըստ նրա` հայոց պատմության մեջ որքան շատ են ողբերգական դեպքերը, նույնքան շատ են նաև հաղթանակներն ու ձեռք բերումները, հետևաբար դրանք ևս պատշաճ կերպով պետք է ներկայացվեն ոչ միայն համահայկական, այլև համաշխարհային մակարդակով: 
«Մենք կարծում ենք, որ կոնկրետ մայիսյան հերոսամարտերը շրջադարձային ազդեցություն են ունեցել ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության վրա, քանի որ այդ ճակատամարտերում եթե հայերը չհաղթեին, ապա հնարավոր է այսօր աշխարհի քարտեզն այլ տեսք ունենար»,- ասաց նա` կարևորելով մայիսյան հերոսամարտերի վերաարժևորումը և վերաիմաստավորումը: 
Տ. Մարտիրոսյանի խոսքերով` նախաձեռնության համակարգող խումբը բաղկացած է 30 հոգուց, գործում է նաև «Մայիսյան Հերոսամարտերի 100 ամյակին ընդառաջ» ֆեյսբուքյան էջը, որի նպատակն է ներկայացնել մայիսյան հերոսամարտերի պատմությունը: 
Մայիսյան հերոսամարտերին նվիրված նախաձեռնության մեկ այլ անդամ, ծրագրավորող Կարո Խաչատրյանն իր հերթին նշեց, որ մայիսյան հերոսամարտերին զուգահեռ ֆեյսբուքյան էջում տեղադրվում են նաև այլ ազատագրական շարժումների և մարտերի մասին պատմություններ: 
«Օրինակ վերջերս նյութեր ենք դրել Վանի, Մուսա լեռան, Սառնաղբյուրի  հերոսամարտերի մասին. Մեր ֆեյսբուքյան էջի կոչն է, որպեսզի հետևորդները պասիվ չլինեն և էջում կիսվեն իրենց ունեցած նյութերով, պատմություններով ու հղումներով»,- նշեց նա` հավելելով, որ անձամբ ծանոթ չի եղել Սառնաղբյուրի հերոսամարտին և դրա մասին տեղեկացել է ֆեյսբուքյան էջում: 
Մայիսյան հերոսամարտերը հավերժացնող կոթողներին անդրադարձավ նախաձեռնության անդամ, ճարտարապետ  Դավիթ Ստեփանյանը և ընդգծեց, որ դրանք պետք է համարժեք վերաբերմունքի արժանան: 
«Ի վերջո այդ կոթողները 20-րդ և 21-րդ դարի հայկական ճարտարապետության գոհարներն են, որոնք կարիք չունեն որևէ ճարտարապետական կամ դիզայներական նոր միջամտության, հերթական ռաբիզ խաչքարով կամ սեփականատիրոջ ճաշակով քանդակի ու ճչան պաստառներով զարդարվելու. Առիթից օգտվելով` պետք է նաև վերանայել մյուս կոթողները»,- փաստեց մասնագետը` հավելելով, որ կոթողների հանդեպ տարրական հարգանք պետք է դրսևորել, որպեսզի պատմական խորհուրդն արժևորվի: 
Բացի տոնական միջոցառումներից, «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամները պատրաստվում են այսօր մի շարք առաջարկությունների մասին նամակով դիմել Հայաստանի վարչապետին: 
Նրանք, մասնավորապես, մարզամշակութային, գիտական և հանրային հասարակական ուղղվածություն ունեցող առաջարկներ են մշակել: 
Օրինակ` առաջարկում են  Հայաստանում և Սփյուռքում կազմակերպել ազգային ավանդական խաղերի ուսուցում- մրցույթներ, անդրադառնալ ազատագրական հերոսամարտերի հերոսներին, նրանց անուններով պուրակներ անվանակոչել, հուշարձաններ կանգնեցնել և այլն: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն