Կայացել է Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված համերգ-ներկայացումը


Կայացել է Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված համերգ-ներկայացումը

  • 22-05-2017 19:18:35   | Հայաստան  |  Մշակույթ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 20-ին կազմակերպված համերգ-ներկայացումը նվիրված էր ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյա հոբելյանին: 
Համերգ-ներկայացմանը ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։  
 
«Առաջին Տաթևիկ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան օպերային երգիչներ  Հասմիկ Հացագործյանը, Նունե Բադալյանը, Քրիստինե Սահակյանը, Նարինե Անանիկյանը, Աննա Այվազյանը, Սոֆյա Թումանյանը, Պերճ Քարազյանը, Սարգիս Աղամալյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Կարապետյանը, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ 
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Տաթևիկ Սազանդարյանի անունը խորհրդանիշ է ոչ միայն երգարվեստում, այլև երաժշտության ասպարեզում։ Նա կարևորեց համերգային երեկոն, քանի որ այդտեղ միաձուլվում են ավագ և երիտասարդ սերունդների երաժիշտները։ «Այն սերունդը, որ նվագում էր հոբելյանական համերգին, չի տեսել Տաթևիկ Սազանդարյանին, սակայն շատ լավ գիտի այն մշակութային ժառանգությունն ու կոլորիտը, որի կրողն էր մեծ երգչուհին։ Այսօր Երիտասարդական նվագախումբը, ես և իմ ընկերները մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ ենք անդրադառնում Տաթևիկ Սազանդարյանի արվեստին ու հիշատակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Սմբատյանը։
Համերգային երեկոն ուղեկցվում էր Տաթևիկ Սազանդարյանի մասին պատմող տեսանյութերով։ Իսկ օպերային թատրոնի ճեմասրահում ներկայացված էին երգչուհու անձնական լուսանկարները, որոնցից շատերը հանրությանը ներկայացվում էին առաջին անգամ։ 
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ