Դուբայ-Լոնդոն չվերթի ուղևորները տարհանվել են ռումբի մասին ահազանգից հետո
23-05-2017 14:34:46 | ԱՄԷ | Ի՞նչ է գրում մամուլը
Դուբայից Լոնդոնի Հիթրոու օդանավակայան թռչել պատրաստվող Virgin Atlantic ավիաընկերության չվերթի ուղևորները տարհանվել են ինքնաթիռից, երբ ստացվել է ռումբի մասին ահազանգ, հայտնում է The Independent-ը:
Ինքնաթիռ բարձրանալուց հետո ուղևորներին հրահանգել են դուրս գալ ինքնաթիռից և վերադառնալ օդանավակայան. օդաչուն հայտնել է, որ ավիաընկերությունը ռումբի մասին ահազանգ է ստացել:
Ուղևորներից մեկը պատմել է The Daily Mail-ին, որ ինքնաթիռի օդաչուն դուրս է եկել խցից և նշել է, որ Virgin Atlantic-ը Մանչեսթերի դեպքերից հետո շատ լուրջ է վերաբերում ուղևորների անվտանգությանը, և ընկերությունը ռումբի մասին ահազանգ է ստացել, այդ պատճառով որպես նախազգուշական միջոց խնդրում են բոլորին հեռանալ ինքնաթիռից:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է: