Ամերիկացի սենատորները սպառնացել են Անկարային՝ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառով
23-05-2017 14:48:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան անդամներ Լինդսի Գրեհեմն ու Պատրիկ Լիհին, անդրադառնալով օրերս Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանն ու ծեծին, սպառնացել են վերջ տալ ԱՄՆ-ի կողմից Անկարային տրամադրվող օգնությանը, եթե Թուրքիայի կառավարությունը հավուր պատշաճի չզբաղվի այդ հարցի քննությամբ:
Ինչպես նշում է Asbarez-ը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին ուղղված նամակում սենատորներ Գրեհեմն ու Լիհին հիշեցրել են, որ խաղաղ ցույց անցկացնելու ու ազատ խոսքի իրավունքները հիմնարար արժեքներ են համարվում Միացյալ Նահանգներում:
«Մինչդեռ թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցների ցուցաբերած ագրեսիան ու դաժանությունը մեր կողմից ընկալվում են որպես վերը թվարկված իրավունքների ոտնահարում: Մենք կոչ ենք անում, որպեսզի Թուրքիայի իշխանություններն օրենքի ամբողջ ուժով պատժեն հարձակման պատասխանատուներին, ինչպես նաև աջակցեն ԱՄՆ-ից միջադեպում ներգրավված անձանց արտաքսման գործընթացին»,-նշված է սենատորների նամակում:
Հայտնի է, որ նամակը ստորագրել ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ՝ այդ թվում նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլայն Մալոնին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից: