Բացառիկ ցուցադրություն Երևանում. Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրության են հանվել տարբեր ժամանակաշրջանների օծանելիքների սրվակները (տեսանյութ)
23-05-2017 19:12:14 | Հայաստան | Հասարակություն
«Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում»,- համոզված էր 20-րդ դարի աշխարհահռչակ նորաձևության դիզայներ Կոկո Շանելը, սակայն Ռուսական արվեստի թանգարանում բացված օծանելիքների սրվակների այս ցուցադրությունն ապացուցում է, որ ոչ միայն օծանելիքը կարող է մարդու մասին պատմել, այլև նրա սրվակը:
Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Բույր, պատկեր, հիշողություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է կոլեկցիոներ Սարգիս Ազարյանի անձնական հավաքածուից ընդամենը 150 սրվակ: Դրանք խոսում են տվյալ ժամանակաշրջանի և մարդկանց մասին` դառնալով յուրահատուկ ուղեկցողներ դեպի պատմության գիրկը:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանի փոխանցմամբ` ցուցահանդեսն ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստվել են ժամանակի հայտնի գործարանների ու դիզայներ-նկարիչների կողմից, ինչպիսիք են Լյուդվիգ Մոզերը, Ռենել Լալիկը, Կազմիր Մալևիչը և այլոք:
Որպես դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ ներկայացված օծանելիքի սրվակներից բացի, թանգարան այցելողները ծանոթացան նաև նախորդ դարի 20-ական թվականներից մինչև 70-ական թվականների օծանելիքների պատմությանը: Հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական օծանելիքների պատմությանը` ցուցահանդեսի նախաձեռնողներն այդպիսով ցանկացել են ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ արթնացնել իրենց մանկության, պատանեկության, առաջին ընկերության և սիրո հուշերը:
Նշենք, որ օծանելիքի արտադրությունը սկսվել է Ֆրանսիայում՝ 17-րդ դարի վերջին, իսկ Ռուսաստանում՝ 1840-ական թվականներին: ԽՍՀՄ֊-ում ընդհանուր առմամբ թողարկվել է ավելի քան 800 անուն օծանելիք: