Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդի կենսաբազմազանության ոլորտի միջազգային փորձագետ Հերվե Լեթիերի հետ


Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդի կենսաբազմազանության ոլորտի միջազգային փորձագետ Հերվե Լեթիերի հետ

  • 23-05-2017 17:38:10   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդի կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի կառավարման  ոլորտի միջազգային փորձագետ Հերվե Լեթիերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի  (GIZ), Անդրսահմանային միացյալ քարտուղարության  (TJS) ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ: 
    ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը  ողջունելով հյուրերին` կարևորել է Եվրախորհրդի փորձագետի այցը, որի նպատակն էր ծանոթանալ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խնդիրների, պետական քաղաքականության, ինչպես նաև Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի ստացումից հետո ստանձնած պարտավորությունների և հանձնարարականների կատարման ընթացքին:
 
    ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացված «Էմերալդ ցանցի ձևավորումը Հայաստանում»  Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում 2012թ. նախատեսվել և  իրականացվել էր Հայաստանի  պահպանվող տարածքներից մեկի միջազգային գնահատումը, որի համար ընտրվել էր Հայաստանի «Էմերալդ» ցանցում ընդգրկված և կենսաբանական ու լանդշաֆտային բազմազանության եվրոպական չափանիշներին բավարարող «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: 2013թ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ:
   Միջազգային փորձագետ Հերվե Լեթիերն էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացնելով, որ իր այցի նպատակը ոչ միայն  ստանձնած հանձնարարականների կատարման ընթացքին ծանոթանալն է, այլև ներդրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կառավարման պլանով նախատեսված խնդիրները քննարկելը:
   Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play