ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը


ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը

  • 23-05-2017 17:36:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: 
 
Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը, որն անմիջականորեն մասնակցել է քննարկվող կանոնակարգերի մշակմանը: Մյուս բանախոսները ևս ոլորտի առաջատար մասնագետներ են՝ Իրինա Շպակ (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման բաժնի խորհրդատու), Սվետլանա Սոկոլովսկայա (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության համապատասխանության գնահատման և միասնական չափման ապահովման բաժնի պետ), Դմիտրի Կորկանով (ԵՏՀ սանիտարիայի, ֆիտոսանիտարիայի և անասնաբուժության միջոցների նորմերի վարչության սանիտարական նորմերի բաժնի խորհրդատու) և այլք: 
Սեմինարների թեմաները բավականին ընդգրկուն են. սննդամթերքի անվտանգության ոլորտում Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միություն) ընթացակարգերի տեխնկական կիրառման սկզբունքներ և առանձնահատկություններ, սննդամթերքի մակնշում, սննդամթերքի՝ ընդունված նորմերին համապատասխանության գնահատում, սննդամթերքի արտադրության ոլորտում պետական գրանցում, համատեղ ստուգայցերի ացկացման կարգ և այլն:
Այս ձևաչափով մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս կողմերին առաջին ձեռքից ծանոթանալու իրավական ակտերին և ընթացիկ փոփոխություններին, առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա խնդիրներն ու  դրանց հնարավոր լուծումները: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն