«Իրականում «Օսա»-ն շարքից չեն հանել, «Օսա»-ի վրա կրակել են, բայց «Օսա»-ին չեն կպել, կպել են կողքի ավտոմեքենային» (տեսանյութ)


«Իրականում «Օսա»-ն շարքից չեն հանել, «Օսա»-ի վրա կրակել են, բայց «Օսա»-ին չեն կպել, կպել են կողքի ավտոմեքենային» (տեսանյութ)

  • 23-05-2017 22:10:00   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
Մեկ շաբաթ առաջ` մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն առաջնագծում իրադրության վերաբերյալ իր հաղորդագրությամբ տեղեկացրեց նաև, որ մայիսի 15-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, «ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել»:
Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ «ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:
Թե ռազմական ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը, մասնակի վնասվելուց հետո այն վերանորոգման ենթակա՞ է, թե ոչ, որևէ տեղեկություն չէր հաղորդվում: Սակայն, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հիշյալ հաղորդագրության նախօրեին` մայիսի 15-ին, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա, արդեն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինուժը նույն օրը ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերի «Օսա» զենիթահրթիռային համալիրը, տրանսպորտա-լիցքավորող մեքենան ու դրանք սպասարկող անձնակազմը:
Նշենք, որ տրանսպորտա-լիցքավորող մեքենան նույնպես մարտական մեքենա է, որը նախատեսված է ռազմամթերքի, տվյալ դեպքում` հրթիռների պահպանման ու տեղափոխման համար: «Թրենդ»-ում, նրա վրա հղում կատարելով, նույն տեղեկատվությունը հրապարակած  Vestikavkaza.ru կայքում, թերևս նաև այլ ԶԼՄ-ներում, միաժամանակ նաև «Յութուբում» հրապարակվեցին ռազմական տեխնիկայի ոչնչացման կադրերը, որոնցից ակնհայտ է, որ մեր ռազմական տեխնիկան ոչ թե մասնակի վնասվել, այլ իսկապես ոչնչացվել է: Հիշյալ դեպքից հետո այդ հանգամանքն իր հաստատումը ստացել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որում մասնավորապես նշված է. «Տարբեր վստահելի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա»։
Ինչ վերաբերում է վերոնշյալ իսրայելական հրթիռի արձակման հետևանքով հայկական կողմից զոհ կամ զոհեր ունենալ-չունենալու հանգամանքին, ապա Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն առ այսօր հրապարակած իր պաշտոնական հաղորդագրություններում Ադրբեջանի ՊՆ-ի վերոնշյալ տեղեկատվությունը չի հերքել: Միաժամանակ, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունների կողմից որևէ տեղեկություն չի հրապարակվել մայիսի 15-ի հիշյալ հրթիռակոծման հետևանքով հայկական կողմից զոհ կամ թեկուզ վիրավոր ունենալու վերաբերյալ: Մայիսի 18-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հայտարարության մեջ անդրադառնալով այս հարցին, ասել է, որ միջադեպի ժամանակ գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասում են իրար:
Եթե «Թրենդ»-ի կամ Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութը կեղծված չէ կամ չի վերաբերում մեկ այլ դեպքի, այսինքն՝ մեկ այլ ժամանակ, մեկ այլ տեղ, մեկ այլ տեխնիկայի ոչնչացմանը, ապա տեսանյութից ակնհայտ է նաև, որ հայկական կողմի «Օսա» զենիթահրթիռային համալիրի կամ նրա տրանսպորտա-լիցքավորող մեքենայի հրթիռակոծման հետևանքով զոհ կամ վիրավոր կարող էինք չունենալ միայն այն դեպքում, եթե դրանց անձնակազմերը հիթիռակոծման պահին այդ մեքենաներում կամ դրանց բավականաչափ մոտ չեն եղել: Կրկնում ենք՝ եթե կադրերը մոնտաժված  չեն, այսինքն՝ տեսանյութում պատկերվածը մեկ այլ տեղ, մեկ այլ ժամանակ նկարահանված «Օսա» զենիթահրթիռային համալիր չէ, ապա նույն տեսանյութից երևում է, որ նրա ռադարի ճառագայթող-ընդունող ալեհավաքը պտտվում է, համալիրը տվյալ պահին աշխատանքային ռեժիմում է գտնվում, ինչն ենթադրում է, որ այդ ժամանակ «Օսա» զենիթահրթիռային համալիրում եղել է գոնե մեկ զինծառայող:
Միաժամանակ քիչ հավանական է, որ մենք զոհ, առավել ևս զոհեր (ոչնչացված երկու անձնակազմ) ունենայինք, և այդ մասին Արցախի կամ Հայաստանի պաշտպանության նախարարությունները ոչինչ չհայտնեին: Չէ՞ որ այդ դեպքում այդ զոհերի ծնողները, մերձավորները կարող էին բողոքել դեպքը լռության մատնելու, թաքցնելու համար, ի վերջո, այդ մասին կարող էին հայտնել որևէ ԶԼՄ-ի, սակայն առ այսօր որևէ լրատվամիջոց այդպիսի տեղեկատվություն չի հրապարակել:
Մարիա Զախարովան հայտարարել է, որ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը հրթիռակոծել է մայիսի 15-ի կեսօրին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նույն օրը Ֆիզուլի-Խոջավենդ ուղղությունում Հայաստանի ՀՕՊ զորքերին պատկանող «Օսա» զենիթահրթիռային համալիրը պաշտպանական առաջնագծում դուրս է բերվել նոր դիրքեր, դրանից հետո և այդ վայրում են հրթիռն արձակել նրա ուղղությամբ: Սակայն, Ադրբեջանի ՊՆ-ն չի վկայակոչել որևէ հիմք, որով կհաստատվի, որ տվյալ զենիթահրթիռային համալիրը պատկանում է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ՀՕՊ զորքերին, ինչից կարելի է եզրակացնել կամ ենթադրել, որ նրան քաղաքական նկատառումներով պետք է եղել հենց այդպես ներկայացնել: Իսկ թե Հայաստանի զինված ուժերն ինչո՞ւ են փորձել այդպես վարվել՝ հիշյալ համալիրը հանել նոր դիրքեր, Ադրբեջանի ՊՆ-ի բացատրությունը ծիծաղելիության աստիճանի անհեթեթ է: Ըստ այդմ, Հայաստանի զինված ուժերն այդպիսով փորձել են հսկողության տակ վերցնել օդային տարածքը:
Իրականում Հայաստանի ՀՕՊ զորքերի կողմից Ադրբեջանի օդային տարածքը վաղուց, հենց Հայաստանի Հանրապետության տարածքից և անհամեմատ ավելի մեծ խորությամբ է վերահսկվում, քան դա հնարավոր է իրականացնել 1970-75թթ. արտադրության, օդային թիրախներն առավելագույնը 45 կիլոմետր հեռավորությունից հայտնաբերելու կարողություն ունեցող «Օսա» զենիթահրթիռային համալիրի միջոցով: Գորիսից Ֆիզուլի տարածությունն ուղիղ գծով ընդամենը 82 կիլոմետր է, եթե նշված հեռավորությանն էլ գումարենք «Օսա»-ի ռադարի հսկողության առավելագույն հեռավորությունը` 45 կիլոմետրը, կստանանք 127 կիլոմետր: Բավական է նշել, որ Կապանում Հայաստանի ՀՕՊ զորքերն ունեն С-300PC զենիթահրթիռային համալիր, որը, նույնիսկ ամենաթույլ ռադիոլոկացիոն կայանը (РЛС 76Н6) ունենալու դեպքում, դրանով կարող է հսկել Ադրբեջանի օդային տարածքն այն նույն հեռավորությամբ, ինչ կարող է հսկել Ֆիզուլի-Խոջեվանդ ուղղության վրա գտնվող «Օսա»-ն, իսկ РЛС36Д6 ռադարն ունենալու դեպքում դրանից էլ 80 կիլոմետրով ավելի` դեպի Ադրբեջանի խորքը:
Թե, ի վերջո, ի՞նչ է կատարվել մայիսի 15-ին, Ադրբեջանի զինուժը իսրայելական «Spike» հակատանկային հրթիռային համալիրի կառավարվող հրթիռով իրականում ի՞նչ վնաս է պատճառել հայկական կողմին, փորձեցինք պարզել Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից:
«Իրականում «Օսա»-ն շարքից չեն հանել, «Օսա»-ի վրա կրակել են, բայց «Օսա»-ին չեն կպել, կպել են կողքի ավտոմեքենային»,- ի պատասխան վերոնշյալ հարցի, ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Այս ամենից թերևս կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինուժին հաջողվել է ոչնչացնել «Օսա» զենիթահրթիռային համալիրի տրանսպորտա-լիցքավորող մեքենան, որի պայթյունից մասնակի վնասվել է նրա կողքի զենիթահրթիռային համալիրը:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play