Տարածաշրջանում աղետներին դիմակայել հնարավոր է համընդհանուր ուժերով


Տարածաշրջանում աղետներին դիմակայել հնարավոր է համընդհանուր ուժերով

  • 24-05-2017 19:20:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 24-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բրունո Բալդյուկին:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել տարածաշրջանին բնորոշ աղետների ժամանակ հայ-վրացական հնարավոր համագործակցության ուղիները և արտակարգ իրավիճակների ոլորտում ժամանակակից միջոցների ներգրավման հարցերը:
 
Վ. Գաբրիելյանը նշեց, որ արդեն որոշակի քայլեր արվել են փոխշահավետ համագործակցության ուղղությամբ և վստահեցրեց, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է հանդես գալ հստակ առաջարկներով:
 
Բ. Բալդյուկը ներկայացրեց փոխգործակցության հիմնական ուղղությունները, որոնք պահանջում են երկուստեք ակտիվ մասնակցություն:
 
Նախագծերում շեշտադրված էին մարզերում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումը և տեխնիկական վերազինումը, հայ փրկարարների՝ Ֆրանսիայում վերապատրաստման կազմակերպումը, փրկարարական աշխատանքներում ռոբոտների ներգրավումը, որոնք ժամանակակից և արդյունավետ միջոցներ են համարվում:
 
Քննարկման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ռոբոտների հնարավոր ցուցադրության մասին, որտեղ Ֆրանսիայից ժամանած մասնագետը կներկայացնի դրանց կիրառությունը, ինչպես նաև՝ կազմակերպել հանդիպում ռոբոտներ արտադրող կազմակերպության հետ:
 
Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բ. Բալդյուկը, ամփոփելով հանդիպումը, ընդգծեց, որ իրենք հավատարիմ են արդեն ձեռք բերված համագործակցության սկզբունքներին և պատրաստ են նույն ոգով շարունակել աշխատանքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play