Փորձարկման լաբորատորիաների գործունեությունը համապատասխանեցվում է օրենքին և միջազգային չափանիշներին


Փորձարկման լաբորատորիաների գործունեությունը համապատասխանեցվում է օրենքին և միջազգային չափանիշներին

  • 24-05-2017 19:44:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեղական արտադրանքի որակի նկատմամբ վստահության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման և շուկայում իրացվող արտադրանքի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ առաջնային է պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների գործունեությունը և նրանց հավատարմագրումը միջազգայնորեն ընդունված լավագույն գործելակերպին համապատասխանեցնելը։ 
Գործող օրենսդրության համաձայն, լաբորատորիաները մինչև 2017 թվականը պետք է ամբողջովին ապահովեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ փորձարկման լաբորատորիաների կողմից պետք է իրականացվեն  չափիչ սարքերի ճշգրիտ աշխատանքի ապահովմանն ուղղված ստուգաճշտումներ և անցկացվեն միջլաբորատոր փորձարկումներ, որոնց միջոցով հավաստվում է այդ փարձարկման չափիչ սարքերի ճշգրտությունը: 
 
        2017 թվականի մայիսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գործում էր 37 փորձարկման լաբորատորիա, այդ թվում` պարենային և ոչ պարենային արտադրանքի, հեռահաղորդակցության միջոցների, համակարգերի և էլեկտրատեխնիկական ապրանքների, գազաբալոնների պարբերական վկայագրման, նավթամթերքի և շինարարական փորձարկման լաբորատորիաներ: 
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են համապատասխանության գնահատման մարմինների (լաբորատորիաների) պարբերական և արտահերթ գնահատումներ, որոնց արդյունքում վերոգրյալ պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև հավատարմագրման ոլորտից դուրս (առանց համապատասխան կարողությունների) և խախտումով փորձարկումներ իրականացնող լաբորատորիաների հավատարմագրումը դադարեցվում է։  
Արդեն իսկ դադարեցվել են գործող 37 լաբորատորիաներից 5-ի, սննդի, ցածր լարման էլեկտրական սարքավորումների և շինանյութի փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումները:
Հաշվի առնելով հայկական արտադրանքի անվտանգությունը և արտադրանքի որակի նկատմամբ վստահության կարևորությունը արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հորդորում է բոլոր փորձարկման լաբորատորիաներին խստորեն հետևել օրենքի պահանջին և միաժամանակ տեղեկացնում, որ ձեռնարկվելու են միջոցառումներ` մինչև 2017 թվականի ավարտը շուկայում բարեխիղճ աշխատող, միջազգային չափանիշներին համապատասխանող, օբյեկտիվ փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներ ունենալու համար:
Օրենքով նախատեսվում է նաև արբիտրաժային լաբորատորիայի ինստիտուտի ներդնում: Փորձարկումների վեճերի, տարակարծությունների դեպքում  սպառողները և արտադրողները կարող են դիմել արբիտրաժային լաբորատորիա, որը ռեֆերենտ մեթոդիկայով կիրականացնի փորձաքննություն: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն