2100 տնտեսվարողներ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել են սնանկության վտանգի առջև


2100 տնտեսվարողներ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել են սնանկության վտանգի առջև

  • 25-05-2017 11:59:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ  22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով  առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: Այս մասին մայիսի 25-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: 
Ըստ նրա` որոշ տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրաքային միջոց, իսկ ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե՛ վարչարարության կազմակերպման, թե՛ օրենսդրության, թե սնանկության կառավարիչների բացահայտման և այլ խնդիրներով:
«Խնդրահարույց է նաև այն, որ այդ  ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի  կամ դրամական միջոցների արգելափակումը կատարվել է հայեցողաբար և ոչ համակարգված»,- նշեց Կ. Կարապետյանը: 
Վերջինս խնդրի լուծման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական  բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման կիրառման վերաբերյալ առաջարկություն՝ միաժամանակ ներկայացնելով տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և  դրանք բացահայտելու պետական եկամուտների գործիքակազմ, ինչպես նաև առաջին կետով նախատեսված  առաջարկությունները ներկայացնելուն պես  մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի  հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության  բարձրացման վերաբերյալ:
Նույն խնդրի վերաբերյալ հանձնարարություն տրվեց նաև արդարադատության նախարարի պաշտոնակատարին. վերջինս պարտավորվեց երկամսյա ժամկետում ուոսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթների առողջացման գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատուների խստացմանը, ֆինանսական վիճակի  վերլուծության  չկատարման հետևանաքներին  և այլ հիմնախնդիրներին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն