Բագրատաշենի մաքսակետում հայ առևտրականների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է


Բագրատաշենի մաքսակետում հայ առևտրականների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է

  • 25-05-2017 15:10:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Վերջին մեկ ամսում Բագրատաշենի մաքսակետում սարսափ էր տիրում:
 
Էդ ադրբեջանական խնձորը վերևների մարդիկ են տեղափոխել Հայաստան: Մեր թոշակառու, աղքատ գյուղացիները ոնց կարող էին կանաչ, թանկ խնձոր առնել: Բագրատաշենում, Պտղավանում և մյուս գյուղերում սուպերմարկետներ չկան, որ էդ թանկ խնձորը վաճառվի: Բայց Բագրատաշենի մաքսակետում էդ խնձորի գործով հասարակ ժողովրդի նկատմամբ սկսվեցին ճնշումները»,- ասաց առևտրական Կարինե Աբրահամյանը: Կարինեն արդեն 15 տարի է զբաղվում է առևտրով:
 
«Մեր գյուղերում աշխատատեղ չկա, մենք առևտրով ենք գոյատևում: Պտուղ, բանջարեղեն ենք  վաճառում»,- ասաց նա: Ապրանքը Կարինեն իր համագյուղացի առևտրականներ Անահիտ Շիրինյանի, Էմմա Պողոսյանի, Լամարա Բաղդասարյանի հետ 10 օրը մեկ  հայ-վրացական մաքսակետով Վրաստանից բերում և վաճառում է Բագրատաշենի հրապարակի խանութի մոտ:
 
«Էսքան տարի Բագրատաշենի մաքսակետում էսպիսի բան չէր եղել, որ միանգամից կարանտին հայտարարվի:  Մաքսակետում 5  տամոժնիկների ձերբակալելուց հետո կարանտին հայտարարեցին: Ասացին` չի կարելի Վրաստանից ապրանք տեղափոխել: Բոլոր առևտրականներս շոկի մեջ էինք: Մեր՝ Տավուշի գյուղերի ժողովուրդը Վրաստանով են ապրում: Մենք չենք կարող 1կգ վարունգ, պոմիդորի համար էստեղ քթներիս տակը թողած` 20 հազար դրամ տանք, տաքսի վարձենք, հասնենք Երևան: Գնում ենք մեկ ժամվա մեջ Վրաստանի մոտիկ Սադախլոյից 100-200 լարիին համարժեք բանջարեղեն, միրգ ենք բերում, մի մասը տան համար, մի մասն էլ վաճառում ենք՝ մեր գոյությունը պահելու համար: Լինում էին նաև մարդիկ, ովքեր չարաշահում էին տամոժնիկների համբերությունը, բայց տամոժնիկները նկատում էին, որ մենք գոյության խնդիր ենք լուծում»,-բացատրեց Կարինեն:
 
Վերջինիս խոսքով` Վրաստանի մաքսակետում հայ առևտրականներին վրացի մաքսավորները շատ  քաղաքավարի են վերաբերվում: Բագրատաշենի մաքսակետում առևտրականների նկատմամբ  վերաբերմունքը փոխվել է վերջին մեկ ամսում: «Չգիտենք` տամոժնիկները ինչ հրաման էին ստացել, ապրանքը մեր ձեռքից խլում  և թույլ չէին տալիս  դուրս բերել անցակետից: Դա վերևից էին հանձնարարել: Ժողովրդին տանում էին մաքսատան անկարը, մեքենաներից իջեցնում և ամբողջ ապրանքը թափում էին անկարում: Անգամ մեկ մեշոկ ցեմենտը, Վրաստանի արտադրության  2կգ. լիմոնը խլում էին մարդկանց ձեռքից: Ռուսաստանից, Վրաստանից Հայաստան եկող գազելների ողևորներին էին իջեցնում մեքենայից՝ տան համար նրանց գնած վարունգն ու մրգերն էին խլում: Վիճակը մեկ ամսվա ընթացքում չէր փոխվում: Մեր աչքի առաջ  ադրբեջանական կանաչ  խնձորն  օլիգարխների տղաներն էին տանում: Գալիս են իրենց ֆորդերն ու ջիպերը բարձած, տամոժնիկներն էլ դրանց ուրախ դիմավորում և ճանապարհում են:  Մաքսատանը բացում և օդափոխում էին  իրենց ավտոմեքենաները: Նրանից ինչ խլել, ինչ թափել: Ապրանքը խեղճ, հասարակ ժողովրդից էին խլում»,- պատմեց  Կարինեն:  Գյուղացիները և առևտրականները մի քիչ համբերել են` սպասելով, որ իրավիճակը մաքսակետում կկարգավորվի: Սակայն վիճակն օրեցօր վատացել է:
 
 
«Արդեն մեկ ամսից ավելի է` մի օր թողնում են անցակետով ապրանք բերենք, մի օր չեն թողնում: Մենք մայիսի 7-ին ցույցի դուրս եկանք Բագրատաշենի մեր ժողովրդին աջակցելու համար, մարդկանց 5 կգ վեշն անգամ շպրտում էին»,- պատմեց առևտրական Անահիտ Շիրինյանը: «Այդ օրը ինձ 7 ժամ պահեցին մաքսակետում: Չէին թողնում ապրանքս դուրս բերեմ մաքսակետից: Առավոտյան ժամը 11-ից մինչև իրիկունը 7-ը պահեցին ինձ: Ասում էին` իրավունք չունես ապրանքդ դուրս բերես: Ապրանքիս խաթեր մնացել եմ: Փող էի տվել, առել, այ բալա ջան: Փողս ինչու պետք է իրենց մոտ թողնեի: Երկու կգ խնձորն էլ բռնում, շպրտում էին: Մենք նույնպես ճիշտ ենք համարում ադրբեջանական և թուրքական ապրանքներից խուսափել: Այդ օրը մի 30 հազար դրամի ապրանք եմ բերել՝ 10 կգ սոխ, 20 կգ  վրացական վարունգ: Ես ինքս էլ կյանքում ադրբեջանական ապրանք չեմ բերի, ես իմ ժողովրդի թշնամին չեմ, թքած էտենց փողի վրա»,- ասաց Էմմա Պողոսյանը:
 
Էմմայի  երկու տղաները Ռուսաստանի Դաշնությունում են: Նա մենակ է ապրում Բագրատաշենում:  Տղաները չեն կարողանում օգնել իրենց մորը: «Մինչև հիմա նեղսրտած եմ: Էդքան ժամանակ սոված, ծարավ էի: Ասացի` ես ուզում եմ տուն գնամ, թողեք, խնդրում եմ:  Ասում էին`, կթողնենք, համբերի»,- պատմեց վիրավորված Էմման: «Հիմա Բագրատաշենի մաքսակետի հաշվին մենակ օլիգարխներն են ապրում»,-դժգոհեց  Անահիտ Շիրինյանը:
 
Լամարա  Բաղդասարյանը խոստովանեց, որ մի երկու հարյուր կգ ապրանք է բերում Վրաստանից. «Ապրել ենք ուզում, ասեք, ինչ անենք: Ես ու աղջիկս ենք իմ ընտանիքը: Աշխատող չունենք մեր տանը: Ինչ մաքսակետը բացվել է, ես առևտուր եմ անում, 100-200 լարիի ապրանք եմ բերում: Եվ դրա համար մեզ նեղացնում են: Մեր բերածը վրացական «Կեխուրի»խնձորն է: Իմ ձեռքից չեն կարողանում ապրանքս խլեն, բայց  ժողովրդի ձեռքից խլում են: Սոված կկոտորվենք, աշխատածս փողով օրվա հացն ու ուտելիքն եմ առնում: Աշխատանք չունեմ, ամուսինս էլ մահացել է»:
 
«Մենք  մայիսի 7-ին բողոքի ցույց արեցինք, տամոժնիկների հետ վեճի մեջ մտանք, մի կերպ մեր ապրանքը տեղափոխեցինք: Էդ մեծ մեքենաներով ապրանք տեղափոխողները լրիվ իրենց մարդիկ են: Նրանք անթույլատրելի մեծ քանակությամբ ապրանքը Վրաստանից տեղափոխում են Հայաստան: Նրանց տամոժնիկները Բագրատաշենի մաքսակետում պաչ, պռոշտով են դիմավորում»,-պատմեց Կարինե Աբրահամյանը: Առևտրականների ասելով` այս պահին մաքսակետում խստացված ստուգումները շարունակվում են, սակայն մաքսավորները  բնակչության ապրանքը չեն խլում:
 
 
Այսօր Բագրատաշենի մի խումբ տղամարդիկ պարապությունից գյուղի ավտոբուսի կանգառի տաղավարում «Բլոտ» էին խաղում: «Տղամարդիկ ինչի գնան մաքսակետ, քանի անգամ ենք տեսել մաքսակետում մեր տղամարդկանց ծեծելիս: Էլի կանայք մի կերպ ապրանքը մաքսակետով բերում են»,-բացատրեց Կարինեն:
 
Ժամը 11-ի սահմաններում հայ-վրացական սահմանը հատելուց հետո հայտնվեցի վրացական անցակետից  հազիվ 100 մետր հեռու գտնվող Սադախլոյի ադրբեջանցիների փոքրիկ շուկայում: Ժամը 12-ի սահմաններում ադրբեջանցիները միայնակ էին իրենց  ապրանքի հետ: «Հայ առևտրականները Ձեզանից առևտուր անում են»,- հարցրի: «Հա, ոնց չեն անում, ինչի հարցնում ես, ինչ կա: Էսա կգան, դեռ ժամանակը չի»,-  անհանգստացած պատասխանեց ադրբեջանցի առևտրականը: Որքան էլ սպասեցինք, հայ առևտրականներ չերևացին: Բագրատաշենի մաքսակետն այսօր մարդաշատ չէր:  Մեծ բեռնատարները երկկողմանի անարգել անցնում էին մաքսակետով: Մաքսակետի մոտ ուղևորների սպասող տաքսիստներից ու բագրատաշենցիներից տեղեկացանք, որ երեկ՝ մայիսի 23-ին, Բագրատաշենի մաքսային կետի պետ Սողոմ Մելիքսեթյանը և  անվտանգության պետ Արևշատ Սաֆարյանը ազատվել են զբաղեցրած  պաշտոններից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը