Գուգարքում ցնցված են գիշերը գրանցված սպանության դեպքից.«Հետք»


Գուգարքում ցնցված են գիշերը գրանցված սպանության դեպքից.«Հետք»

  • 25-05-2017 15:11:56   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

«Հետք».Այս գիշեր Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած սպանության մասին լուրը գյուղացիներից շատերն իմացել են վաղ առավոտյան: Դեպքից ցնցված գյուղացիները չեն հավատում կատարվածին:
 
«Առավոտն իմացանք, որ ասին Տիգոյին կնիկը սպանել ա, էլ ոչ մի բան: Տիգոն շատ լավ երեխա էր, հորից հետո, ախպորից հետո, մենք իրանից վատ բան լսած չենք»,- ասում է սպանված Տիգրան Մարտիրոսյանի առանձնատան հարևանությամբ ապրող Կիմա Պողոսյանը:
 
Վերջինիս` խոսքով հարևանների հետ նախկինում շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, սակայն վերջին շրջանում հազվադեպ առնչվել են միայն Տիգրանի հետ:
 
«Մենք նրանց հետ շատ լավ ենք եղել, իրանք էլ մեզ հմար են շատ լավ եղել, բայց ինչ որ հորն ու տղին սպանեցին, մենք էլ կապ չենք ունեցել իրանց հետ: Ես նույնիսկ էդ հարսին տեսած չեմ»,- նշում է տիկին Կիման:
 
Տիգրանի քեռու ընտանիքը բնակվում է Մարտիրոսյանների տան ետնամասում: Քեռու կինը՝ Լարիսա Հարությունյանը ասում է, որ գիշերը կրակոցի ձայն է լսել, սակայն չի պատկերացրել, թե որտեղից է ձայնը: Տիկին Կիման Տիգրանին վերջին անգամ տեսել է երեկ երեկոյան:
 
«Հենց դեպքի իրիկունը ժամը տասն անց կես էր, ես խանութ էի գնում, ինքն էլ գյուղամիջում էր, ասեց՝ Լարիս, գա՞մ տանեմ խանութ: Ասի՝ ցավդ տանեմ, էս երկու լոք տեղը՞: Կատակ էր անում էլի»,- պատմում է կինը:
 
Տիկին Լարիսան ասում է, որ Տիգրանը հանգիստ զրուցելիս է եղել գյուղի տղաների հետ: Ու նաև դա է պատճառը, որ երբ գիշերը կրակոցի ձայն է լսել, ոչ մի կերպ չի մտածել, որ դա կարող էր իր հարազատի տնից լինել:
 
«Հետո եկել եմ տուն, 10 տարեկան թոռիս հետ պառկել եմ ժամը 12-ին: Պառկել եմ, բայց կրակոց լսել եմ: Ասի՝ էս որտեղան ա, բայց որ երեխեն կիսաքնել էր, ես չկարողացա վեր կենամ տենամ: Ու մտքովս չանցավ, որ իրանց մոտից կլինի, որովհետև ես լարվածություն չէի տեսել իրա մեջ: Ընդամենը մեկ-երկու ժամվա տարբերություն էր իմ տեսնելուց հետո»,- նշում է նա:
 
Գրանցված սպանության մասին տիկին Կիման իմացել է մի քանի ժամ անց, երբ Վանաձորից հարազատները եկել են գյուղ: Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վարկածին հարազատները չեն հավատում:
 
«Ես վատ բան չեմ տեսել այդ ընտանիքից: Կինն էությամբ նա չէր, որ ես հավատամ, որ նման արարք կաներ: Շատ համեստ էր, իրա ամեն ինչը տեղն էր՝ խելքը, վարվելաձևը: Ես զարմացած եմ: Ինչ կատարվեց, ոնց եղավ` չեմ հասկանում»,- ասում է Կ. Հարությունյանը:
 
Վերջինիս խոսքով` Տիգրանը վեց տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Գուգարք:
 
Տիգրան Մարտիրոսյանն ունի երկու անչափահաս երեխա՝ 9-ամյա որդի և 2-ամյա դուստր:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play