Ինչ Է կատարվում Հայաստանում սեռական բնույթի հայհոյանքից հետո (ֆոտոշարք)


Ինչ Է կատարվում Հայաստանում սեռական բնույթի հայհոյանքից հետո (ֆոտոշարք)

  • 25-05-2017 15:16:06   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Ժամանակին հայհոյանքով կամ այլ կերպ անձին պատճառված վիրավորանքի համար Հայաստանում սահմանված էր Քրեական պատասխանատվություն, ինչը տարիներ առաջ վերացվեց, պատասխանատվությունը տեղափոխվեց քաղաքացիաիրավական ոլորտ:
Քաղաքացիական օրենսգրքով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վիրավորանքի միջոցով արատավորելու դեպքում սահմանվեց փոխհատուցում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով (այժմ մինչև 1 մլն դրամ), վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել նաև, որպեսզի վիրավորողը հրապարակայնորեն ներողություն խնդրի, իսկ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
Անցած տարիները, սակայն, ցույց տվեցին, որ թեև վերոնշյալ փոփոխությունը հիմնականում ճիշտ էր ու հիմնավորված, սակայն իրեն չի արդարացրել այն դեպքերում, երբ անձին վիրավորանքը պատճառվել է սեռական բնույթի հայհոյանքով: Այսպիսի դեպքերում վիրավորված անձինք անեթեթ համարելով իրենց, իրենց ընտանիքին, սրբություններին սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքի պարագայում դրամական փոխհատուցում ստանալը, հաճախ դիմում են ուղղակի ինքնադատաստանի:
Վերը նշվածի հետևանքով արդեն սեռական բնույթի հայհոյանքի հեղինակներին սպանելու կամ սպանելու փորձի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու (երբեմն էլ բախման, կռվի պարագայում հակառակը` հայհոյողի կողմից…) բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Ակնհայտ է, որ խնդիրը հասունացած է ու պահանջում է լուծում: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
 
- Ձեր կարծիքով, ժամանակը չէ՞ սեռական բնույթի հայհոյանքով անձին պատճառված վիրավորանքի դեպքում վիրավորողի պատասխանատվության քրեականացման խնդիրը բարձրացնելու, Քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու:
- Ինքս կողմնակից եմ սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքը քրեականացնելուն, որովհետև մեր ազգն իր առանձնահատկությունն ունի, մենք, ի համեմատ այլ ազգերի, պատվի և արժանապատվության հարցում շատ զգայուն ենք ու տաքարյուն: Դա կարելի է մեր և՛ թերությունը համարել, և՛ առավելությունը: Օրինակ, Ռուսաստանում կարող է մեկը մյուսին մայր հայհոյել, հետո կարող են իրար հետ աշխատել, նույնիսկ միասին սեղան նստել: Մեզ մոտ մեկին մայր հայհոյեցիր, ամբողջ կյանքիդ ընթացքում էլ չես կարողանա մաքրել այդ վիրավորանքն ու վերջ տալ դրանից առաջացած թշնամությանը:
Հայաստանում կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` սպանությունների վիճակագրությունն ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ դրանց հիմքում հաճախ ընկած է սեռական բնույթի հայհոյանքներով պատճառված վիրավորանքը, արժանապատվությունը ստորացնելուն ուղղված քայլերը, ինչը նշանակում է, որ մենք պետք է փորձենք այդ խնդիրը լուծել: Այո, կարծում եմ, սեռական բնույթի հայհոյանքներ տալը պետք է քրեորեն պատժելի լինի: 
Դա անթույլատրելի է, հատկապես համացանցով: Համացանցով նման հայհոյանքների համար պետք է առավել խիստ պատիժ սահմանել: Համեմատության համար, պատկերացրեք մի քաղաքացու փողոցում հայհոյում է մեկ այլ քաղաքացի: Եթե այդ միջադեպին ականատես են լինում մի քանիսը, ապա համացանցի հարթակներում, այդ հայհոյանքը մշտապես պահպանվում է, և յուրաքանչյուր անձ մուտք գործելով այդ հարթակ, կրկին կարդում է հայհոյանքը:
Համացանցում հայհոյանքը, որն, ի դեպ, շատ տարածված երևույթ է, արդեն իսկ հանգեցրել է տարբեր հաշվեհարդարների, հանցանքների: Դրա համար, կարծում եմ, մեզ համար այս պահին ամենավտանգավորը համացանցում տրվող հայհոյանքներն են, որոնք ուրիշները կարող եմ ամեն օր կարդալ և հայհոյանքի հեղինակի վրա հղում կատարելով, այդ հայհոյանքը մեջբերել, ամեն օր վկայակոչել, հիշեցնել, մարդուն այդ հիմքով միշտ վիրավորել: Խնդիրը վաղուց հասունացած է և պետք է ստանա իր հրատապ լուծումը:
Նախկինում անպարկեշտ ձևով վիրավորանքը համարվում էր հանցանք ու պատժելի էր: Իհարկե, այդ «անպարկեշտ ձևով» ձևակերպումը շատ մեկնաբանությունների տեղիք էր տալիս և խնդրահարույց էր: Կարծում եմ, դա կարելի է խմբագրել, սահմանել, օրինակ, սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքը: Բոլոր դեպքերում, պետք է այնպես ձևակերպել, որպեսզի հստակ լինի, տարընթերցումների և սխալ մեկնաբանությունների տեղիք չտա:
- Մտադի՞ր եք առաջիկայում այս ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել:
- Այո, ապագայում ես անպայման կլինեմ դրա նախաձեռնողներից մեկը, սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքը պետք է քրեականացվի, իսկ եթե դա կատարվել է համացանցի միջոցով, այդ դեպքում պետք է ավելի խիստ պատիժ սահմանվի: Փաստաբանների պալատը չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, բայց կարող ենք մեր գործընկերների հետ միասին քննարկել այս հարցը, դիմել արդարադատության նախարարություն, պատգամավորական խմբակցություններին, որպեսզի Քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարվի` սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսվի: 
- Մենք հաճախ ենք ակամա ունկնդիր և ականատես լինում, թե փողոցներում, խաչմերուկներում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու, մեկը մյուսին չզիջելու և այլ պատճառներով վարորդներն ինչպես են իրար հայհոյում, երբեմն էլ դուրս գալիս, իրար ծեծում, մարմնական վնասվածքներ պատճառում: Եթե փողոցում մեկը մյուսին հայհոյեց, անձն իր խոցված, վիրավորված պատվի, արժանապատվության պաշտպանության համար իրավական պաշտպանության ի՞նչ միջոցներ կամ միջոց ունի:
- Որոշ իրավիճակներում, հանրային վայրում հայհոյանք տալը կարող է որակվել որպես խուլիգանություն, եթե այն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և ուղղված է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն: Խուլիգանության դեպքում, ինչպես գիտեք, քրեական պատասխանատվություն նախատեսված է: Բայց կարող է լինել դեպք, երբ փողոցում մեկը մյուսին հայհոյում է և տվյալ արարքն ուղղված չէ հասարակական կարգի դեմ: Եթե նրանք երկուսով են, երրորդ անձ ներկա չէ այդ պահին, ապա տվյալ արարքը, ըստ մեր օրենսդրության, վիրավորանք չէ, դրա համար նույնիսկ քաղաքացիական պատասխանատվություն, տուգանք չի նախատեսված:
Դատական պաշտպանության իրավունքը ծագում է միայն երրորդ անձի ներկայության դեպքում: Բայց պատկերացրեք, որ նույնիսկ այդ դեպքում նա պետք է դիմի դատարան, դատարանով փորձի իր իրավունքները պաշտպանել, իսկ դա նշանակում է դատական երկար գործընթաց, ընդ որում, այդ ընթացքում վիրավորողը կարող է բազմիցս անգամ հայհոյանքները կրկնել:
Իմ կարծիքով, համացանցում տրվող հայհոյանքները, անկախ դրսևորման ձևերից, չեն ընդգրկվում խուլիգանություն հասկացության մեջ:
Հայաստանում ընդունված է, որ եթե քեզ հայհոյում են, դու քո արժանապատվության պաշտպանության համար պետք է պատասխանես: Ընդ որում, չմոռանանք, որ մեզ մոտ, նաև արտաքին գործոններով պայմանավորված (դարերով եղել ու մնում ենք թշնամիներով շրջապատված երկիր), ընդունված է թշնամու քայլին, մեր կյանքից չվախենալով, համարժեք պատասխանելը: Այդ դրվածքը մեզ մոտ կարող է նաև մասնավոր դեպքերում դրսևորվել: Մեկը մայր է հայհոյում, և նա, ում ուղղված է հայհոյանքը, փորձում է պաշտպանվել տվյալ պահին իր ունեցած հնարավոր միջոցներով: Իհարկե, շատ կարևոր է, որ մենք բարձր իրավագիտակցություն դրսևորենք, հայհոյանքին բռնությամբ չպատասխանենք, բայց ուզենք թե չուզենք, պետք է հաշվի առնենք, որ մեր ազգի մոտ, այդ պահին ինչ-որ մի բանով պատասխանելն, ընդունված է: Դրա համար եթե քրեական պատասխանատվության սպառնալիքը լինի, յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ սեռական բնույթի հայհոյանք տալով, ինքը քրեական արարք է գործում և հետևանքն իր համար կարող է շատ վատ լինել: Այսինքն` արարքի քրեականացումը, կարծում եմ, թեև ոչ բացարձակ կերպով, բայց ավելի կանխող դեր կկատարի, քան այդպիսի հայհոյանքի դեպքում ներկայումս սահմանված դրամական փոխհատուցումը:
- Ենթադրենք մեկը մյուսին սեռական բնույթի հայհոյանքը տալիս է երրորդ կամ նույնիսկ չորրորդ անձի ներկայությամբ, բայց այդ երկու հոգին հեռանում են, հրաժարվում են իրենց ինքնությունը, հասցեն հայտնել և հետագայում գալ դատարան` վկայություն տալու: Հետևաբար թեև վիրավորանքն այս դեպքում առկա է լինում (հայհոյանքը տրված է այլ անձանց ներկայությամբ), պատվի, արժանապատվության պաշտպանության համար դատարան դիմելը դառնում է անիմաստ, օրենսդրությունը տուժողին այդ առումով թողնում է անպաշտպան, և նա հայհոյանքին հայհոյանքով կամ հարվածելով պատասխանելուց բացի, այլընտրանք չի ունենում
- Եթե սեռական բնույթի հայհոյանքի համար պատասխանատվությունը քրեականացվի, էլի նույն խնդրին բախվելու ենք: Այսինքն` քրեական վարույթն իրականացնող մարմինը, միևնույն է, պետք է ապացուցի: Բայց վերջինս ի տարբերություն հասարակ քաղաքացու, ունի անհրաժեշտ և արդյունավետ լծակներ` ապացույցներ հավաքելու:
- Եվրոպական զարգացած երկրներում, օրինակ, Գերմանիայում, Ֆրանսիայո՞ւմ էլ է այդպես:
- Գերմանիայում հասարակության իրավագիտակցությունն այնքան բարձր է, որ, իմ տեղեկություններով, ինչպես գործընկերներիցս եմ լսել, եթե այնտեղ նույնիսկ ինչ-որ ավտովթար է լինում, ներկա գտնվող անձինք իրենց կամքով այնքան են սպասում, մինչև ոստիկանությունը գա, իրենք վկա ներգրավվեն: Նրանք հասկանում են, որ վաղն իրենք կարող են լինել նույն` վկայի կարիք ունեցող վարորդի վիճակում: Մեզ մոտ վկա լինելը հասարակության մեծամասնության գիտակցության մեջ այս պահին նստած է իբրև ամոթալի, անպատվաբեր, անցանկալի մի արարք: Վերջին հանգամանքը պայմանավորված է նաև իրավապահ մարմինների կողմից քաշքշուկի մեջ ընկնելու վախով, ինչպես նաև վկայի պաշտպանության ինստիտուտի հազվադեպ կիրառությամբ:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play