Պետգույքի արդյունավետ կառավարման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն


Պետգույքի արդյունավետ կառավարման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն

  • 25-05-2017 15:43:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական գույքի արդյունավետ կառավարման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Պետական գույքի կառավարման վարչություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը»:
 
Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին 1-ամսյա ժամկետում, քննարկելով շահագրգիռ պետական կառավարչական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսա-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության և դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ: Կառավարության աշխատակազմ կներկայացվի  նաև պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավվելու վերաբերյալ առաջարկություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն, այդ թվում` պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսելու մասով: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին էլ հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել պետգույքի օտարումն էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերը արդիականացնելու համար անհրաժեշտ միջոցների հատկացման ծրագիրը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play