ԿԳՆ-ում ամեն ինչ անգիր հիշո՞ւմ են, թե՞՝ոնց պատահի. Անահիտ Բախշյան


ԿԳՆ-ում ամեն ինչ անգիր հիշո՞ւմ են, թե՞՝ոնց պատահի. Անահիտ Բախշյան

  • 25-05-2017 18:44:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԿԳՆ-ում ամեն ինչ անգիր հիշո՞ւմ են, թե՞՝ ոնց պատահի
 
 
Արժի, որ ՀՀ վարչապետն էլ այս մասին տեղեկանա, քանի որ որպես ՀՀ վարչապետ՝  իր առաջին 6-ամսյա ծրագրում խոստացել էր ապահովել հանրակրթական հաստատությունների գործունեության թափանցիկությունն ու  հրապարակայնությունը: Այս  ծրագրային խոստումն առանց ԿԳՆ-ի կայքի  անխափան   աշխատանքի հնարավոր չէ, իսկ  ԿԳՆ կայքում շատ երկար ժամանակ   դրված է ստորև մեջբերված ներողամտության հայցը, որն արդեն անտանելի է:
 
«ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը գտնվում է տեխնիկական փորձարկման փուլում: Ժամանակավոր տեխնիկական թերությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
 
Պարզել եմ, որ այս ձգձգման համար պատասխանատու է նաև ՊԱԿ-ը, որը չգիտեմ ինչ պիտի անի, որպեսզի կայքը լիարժեք գործի ու չի անում և, փաստորեն,  ցանկացած վերնագրի տակ դրված փաստաթղթերի ցանկի միայն առաջին էջն է երևում, էջը թերթելու հնարավորություն չկա: Այս մասին 3 նամակ եմ գրել ԿԳՆ ֆեյսբուքյան էջին, սակայն ոչ մեկին չեն  պատասխանել ու ստիպված հրապարակային հերթական նամակն եմ տարածում:
 
Բայց միայն դա չէ, կայքի ստեղծման պատասխանատուն, գիտեմ, ԿՏԱԿ-ն է, որից որոշ գործառույթներ վերցվել ու տրվել են մասնավոր ընկերությանը, որի մասին ոչինչ չի ասվում, իսկ կայքի վերնագրերի տակ անհրաժեշտ տեղեկությունները պետք է տեղադրվեն նախարարության կողմից, որն էլ երևի մոռացել է դա անել, կամ էլ անփույթ կերպով տարբեր վերնագրերի տակ դնում են նույն ցանկը: Օրինակ՝ ուզում էի գտնել ավագ դպրոցների ցանկը ու սեղմում եմ «Միջնակարգ դպրոցին առնչվող նյութերն այստեղ» վերնագիրը: Սեղմում եմ «այստեղ», բերվում է երկու վերնագիր. 
 
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
2016-2017 և ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ (2017թ. ապրիլի 14-ի դրությամբ),
ու երկուսի մեջ էլ ոչ պետական ուսումնական հաստատությունների ցանկն է՝ տարբեր տեսքերով, երկուսն էլ տպել եմ ու ձեռքիս տակ են, իսկ այս պահին ինձ անհրաժեշտ է Երևանի ավագ դպրոցների ցանկը, որը  գտնելուն  չի օգնում «որոնում»  պատուհանը:
 
Չեն   գործում «Որոնում», «Հետադարձ կապ: Նամակ ուղարկել ԿԳ նախարարությանը» պատուհանները: 
Ասացեք խնդրեմ, սա աշխատաո՞ճ է, մի՞թե նախարարն ու աշխատակիցները չեն օգտվում իրենց կայքից, հատկապես իրավական փաստաթղթերից, ամեն ինչ անգիր հիշո՞ւմ են, թե՞՝ ոնց պատահի: 
 
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն