«Ուսանողական գարուն»՝ Բժշկականում՝ նվիրված ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին


«Ուսանողական գարուն»՝ Բժշկականում՝ նվիրված ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին

  • 26-05-2017 16:12:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բեմին տրված է «տան» դիզայն, իսկ գլխավոր հերոսները՝ ուսանողներն են. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) ավանդաբար կազմակերպվող «Ուսանողական գարուն»-ն այս տարի առանձնահատուկ է: Մայիսի 26-ին բուհում անցկացված «Ուսանողական գարուն»-ով մեկնարկեցին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառումները:
 
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառումները կամփոփվեն «Ուսանողական աշուն» ծրագրի շրջանակներում՝ Գալա համերգով:  Ողջույնի խոսքում Ալեքսան Հովհաննիսյանը նշեց. «Արդեն քառորդ դար է, ինչ ուսանողները հավաքվել են այս օջախի շուրջ, փորձում են իրենց կյանքը հետաքրքիր դարձնել ու իրենց ավանդն  ունենալ բուհի զարգացման գործում:  Ինչպես տեսնում եք՝ մենք բեմին տվել ենք տան դիզայն, ինչը նշանակում է, որ արդեն 25 տարի է՝ ուսանողական խորհրդարանն Ալմա մաթերից հետո դարձել է մեր երկրորդ տունը»: 
Ալեքսան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դահլիճից դատելով՝ ուսանողական գարունները հետաքրքրում են երիտասարդներին, անգամ միջոցառումից 15-20 օր առաջ տեղ են պահում, որ կարողանան նստած հետևել համերգային ծրագրին: 
Ստոմատոլոգիական  ֆակուլտետի ուսանողուհի  Անի Տալոյանը վստահեցրեց, թե Բժշկականի առօրյան հետաքքիր է ամեն ինչով. «Ոչ միայն սովորելը, չոր գիտելիքներ ստանալը, այլև ուսանողի առօրյան լի է մշակութային առումով: Մեր միջազգային համաժողովները, դրա վառ ապացույցն են: Մենք միայn գրքեր չենք կարդում, այլ մեզ մոտ ամեն ինչ կա: Իսկ «Ուսանողական գարունը» համախմբում է մշակութային առումով տաղանդաvոր ուսանողներին և նրանց տալիս դրսևորվելու հնարավորություն: Իսկ օրվա գլխավոր դերում միայն ուսանողներն են»:
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկայացվեցին բուհի սկսնակ ՈՒՀԱ թիմի հումորային համարները, ելույթ ունեցավ բուհի Ռոք բենդը:
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն