Մեկնարկել է ջրաչափերի փոխարինման «պիլոտային» ծրագիրը


Մեկնարկել է ջրաչափերի փոխարինման «պիլոտային» ծրագիրը

  • 26-05-2017 18:24:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւան, Ավան, Նարեկացի թիվ 1Ա:
 
Այսօր այստեղ էր աշխատում Վեոլիա Ջուր ՓԲԸ կապալառու «Էմօշին» ՍՊԸ-ն: Մեր այցելության պահին՝ Հ2, Կենտրոն եւ ԱԹիՎի հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ, օրերս մեկնարկած «պիլոտային» ծրագրի շրջանակներում բնակարաններում ընթանում էին ջրաչափերի զանգվածային փոխարինման աշխատանքներ: 
Բանն այն է, որ Վեոլիա Ջրի կողմից սպասարկվող բնակավայրերում ներկայումս առկա է մոտ 870 000 ջրաչափ: Վերջիններս, հիմնականում ունենալով 5 տարվա ստուգաչափման ժամկետ, փաստացի շահագործվում են 10 եւ ավելի տարի: Իսկ դա, առաջին հերթին սարքի ֆիզիկական մաշվածությամբ պայմանավորված, բերում է զգայունության շեմի իջեցման, հետեւաբար, սպառվող ջրի ծավալի ոչ ճիշտ հաշվարկի: Իսկ սա չի բխում ոչ ջրամատակարար կազմակերպության եւ ոչ էլ բաժանորդի շահերից: Դրա համար էլ Վեոլիա Ջուրը նախատեսում է առաջիկա տարիներին ապահովել ժամկետանց ջրաչափերի զանգվածային փոխարինումը նորերով:
Ընդ որում, աշխատանքներից առաջ բնակիչներին տեղեկացվել է ծրագրի մասին, (այցելությունների, ծանուցումների կամ հեռախոսազագերի միջոցով), ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքները կատարել նրանց հարմար ժամերին: Դրա համար կապալառու կազմակերպությունն աշխատում է ամեն օր մինչեւ ուշ երեկո, փորձելով հարմարվել բաժանորդներին, գտնել բնակարանների, վարչական ու արտադրական տարածքների տարբեր անկյուններում հարմարեցված ջրաչափերն ապամոնտաժելու ու նորերը տեղադրելու լավագույն եղանակը:
Մեզ հետ զրույցում բնակիչները հավաստիացնում էին, որ իրոք, գործընթացի հետ կապված անհարմարություններ չեն զգում: Իրենք դրան ոչ մի մասնակցություն չունեն: Գիտեին, որ մասնագետները գալու են, որ որոշ ժամանակով ջուրը կտրվելու է …: Ընդունում էին նաեւ, որ գործը երկուստեք է շահավետ:
Նարեկացի թաղամասում պետք է փոխարինվի մոտ 4000 բաժանորդի գրեթե 7500 ջրաչափ: Արդեն իսկ 400-ը տեղադրվել է, մոտ 200 բաժանորդի համար սկսվել է ժամանակի նոր հաշվարկ: Իսկ հին ջրաչափերը պոլիէթիլենե տոպրակով, կնքված, համապատասխան ակտով ընկերության կողմից տեղափոխվում են Վեոլիա Ջրի ջրաչափերի ստուգման լաբորատորիա՝ հետագա ստուգման համար: 
Հարկ է նշել նաեւ, որ գործող ջրաչափերը որպես կանոն ցածր ճշգրտության՝ B դասի են, նույնիսկ կան ամենացածր A դասի ջրաչափեր: Իսկ տեղադրվում է ավելի բարձր C դասի բելգիական «Էլստեր Միթերինգ» ընկերության ջրաչափեր: Կնշանակի՝ համեմատելով հին, ապամոնտաժվող ջրաչափերի ցուցմունքները նոր տեղադրվող ջրաչափերի ցուցմունքների հետ, հնարավորինս ճշգրիտ կարելի է ասել, թե իրականում որքան ջուր է սպառվում թաղամասում: Հետեւաբար՝ որքան է կազմում մատուցվող ծառայության ընդհանուր գումարը, որի հիման վրա եւ Վեոլիա Ջուրը պետք է կառուցի իր հետագա ֆինանսական հաշվարկները: 
Բաժանորդները նույնպես շահում են, քանի որ, նախ, ջրաչափերը չեն գնում ու տեղադրում սեփական միջոցներով, այսպիսով խնայելով 15-20 հազար դրամ: Եւ հետո, ջրաչափերի ցուցմունքներն այլեւս կասկածի տակ առնելու հիմքերը կբացառվեն: Ի վերջո, տեղադրվող ջրաչափերը դառնում են Վեոլիա Ջրի սեփականությունը: Ընկերությունն է կրելու ողջ պատասխանատվությունը դրանց հետագա շահագործման, ստուգման ու փոխարինման համար:
Ինչ վերաբերում է սկսված ջրաչափերի փոխարինման աշխատանքներին, ապա դրանք անպայման կշարունակվեն, բայց արդեն հաշվի առնելով Նարեկացի թաղամասում մեկնարկած պիլոտային ծրագրի արդյունքները:
 
 
Հանրային կապերի ծառայություն,
Վեոլիա Ջուր ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն