YELL EXTREME PARK-ը զբոսաշրջային թռիչքներ է իրականացրել Արցախում


YELL EXTREME PARK-ը զբոսաշրջային թռիչքներ է իրականացրել Արցախում

  • 27-05-2017 11:17:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Yell Extreme Park» նախագիծը, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը, 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն:
«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ և այլն: 
Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:
Առավելագույնը 30 րոպե տևողությամբ ամենօրյա օդային էքսկուրսիայի արժեքը 35,000 ՀՀ դրամ է, իսկ փոքր ավիացիոն թռիչքներն իրականացնում են երկարամյա փորձ ունեցող, հմուտ օդաչուները:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքից թռիչքներին, ներկայում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում փոքր ավիացիայի օդանավակայանի ստեղծման հարցը, որի նպատակն է թռիչքներ իրականացնել Երևան-Ենոքավան-Երևան ուղղություններով։
Նախագծի գործունեության, ծրագրերի, մասնավորապես՝ զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար թարմացվում և ներկայացվում են «Yell Extreme Park»-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում (https://web.facebook.com/yellextremepark/,  http://yellextremepark.com/site/index):  
Հիշեցնենք նաև, որ «Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է, որի նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում ս.թ. մայիսի 4-ից -հունիսի 2-ն անցկացվում է կոլեկտիվ դրամահավաք (igg.me/at/longest-zipline): 
2680մ երկարությամբ և 200-300մ բարձրությամբ զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զիփլայնով թռիչքը կտևի 3 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: 
Նոյյան տապան  -   Հասարակություն