Գյումրու դրամատիկական թատրոնում տեղադրված արևային համակարգի շնորհիվ` կառույցը կխնայի մինչև 2մլն դրամ


Գյումրու դրամատիկական թատրոնում տեղադրված արևային համակարգի շնորհիվ` կառույցը կխնայի մինչև 2մլն դրամ

  • 27-05-2017 13:45:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում oրերս ներդրվել է 25,44 ԿՎՏ ընդհանուր հզորությամբ արևային համակարգ, որի շնորհիվ այդ կառույցը տարեկան կխնայի մինչև 2 մլն դրամ: Արևային համակարգի ներդրումն իրականացվել է «Արփի Սոլար» արևային տեխնոլոգիական ընկերության կողմից: 
«Վերկանագնվող էներգիան որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» հետ համտեղ` Ֆիլիպ Մորիս Հայաստան հիմնադրամի ֆինասվորմամբ` Գյումրիում նմանատիպ արևային համակարգեր կտեղադրվեն 6 սոցիալական, կրթական և մշակութային հաստաատույթուններում:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած շնորհանդեսին ներկա է գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
Վերջինս շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրականացնողներին` իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այժմ մենք նայում ենք թվերին, ի՞նչ է նշանակում 25 կիլովատ, ի՞նչ է նշանակում տարեկան 2 մլն դրամի խնայում: Մենք պետք է հասկանանք, որ տարեկան 2 մլն դրամը մեկ կամ երկու ներկայացում է: Ինչը նշանակում է, որ Գյումրիում մենք կկարողանանք տարեկան մեկ կամ երկու անգամ ավելի հասանելի լինել մեր մշակույթով: Մենք կկարողանանք մշակույթի միջոցով հասնել մարդկանց սրտերին և հոգիներին այն կարճ ու շիտակ ճանապարհով, որը կոչվում է թատրոն: Մենք միասին այս ծրագիրը կարող ենք շարունակել, որովհետեւ երկուսը կարող ենք դարձնել երեք, չորս և այսպես շարունակ: Սա նշանակում է, որ երկու ներկայացումը կդառնա չորս ներկայացում, չորսը` 5 և մշակութասեր Գյումրին արևի շողերով կկարողանա նաև լուսավորել արվեստասեր մեր հասարակության սրտերը»: 
Իր հերթին թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ եթե 10 տարի առաջ հնարավորություն լիներ վերոնշյալ ծրագիրն իրականացնել, ապա այսօր այն խնդիրը, որը կա թատրոնի տեխնիկական վերազինման հետ կապված` գրեթե 60-70 տոկոսով լուծված կլիներ:
«Ուրախ եմ, որ այսօր կարող ենք սկսել այս ծրագիրը, և հաջորդ տարի այն մարդիկ, ովքեր կլինեն թատրոնում, կտեսնեն այսօր մեկնարկը տված ծրագրի բարիքները. Այն իր մեջ ունի կարևոր նախապայման, որ թատրոնին մենք ապահովում են ոչ միայն կանաչ էներգիայով, այլև նորացվող տեխնիկական միջոցներով, որը ժամանակակից թատրոնում շատ կարևոր է»,- ասել է նա:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արևային համակարգի տեղադրումն իրականացրած «Արփի սոլար» ընկերության տնօրեն Արայիկ Չոբանյանի տեղեկացմամբ` միայն Գյումրիում իրենք արդեն իսկ իրականցրել են 5 խոշոր նախագծեր, իսկ 6-րդը` կիրականցնեն մեկ շաբաթից: 
Նրա խոսքերով` արևային համակարգերի տեղադրմամբ սկսել են հետաքրքրվել նաև Երևանի թատրոնների ղեկավարները, իսկ հասարակության մոտ ընդհանուր առմամբ մեծացել է վստահությունն արևային էներգիայի նկատմամբ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ