Ֆրանսիացի առաջատար թրեյներ Աննա Դեբարն էթիկայի վարպետության դասեր է անցկացրել Հայաստնաում
29-05-2017 17:39:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ մայիսի 29-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կայացավ գործնական էթիկայի և դիվանագիտական արարողակարգերի ֆրանսիացի առաջատար փորձագետ-խորհրդատու Աննա Դեբարի մամուլի ասուլիսը:
«Etiquette à la française» էթիկայի դպրոցի և «AD EXCELLENCE» ընկերության հիմնադիր- ղեկավար Աննա Դեբարը հայաստանյան այցի ընթացքում, մայիսի 26-ին արդեն անցակացրել էր իր առաջին՝ էթիկետի միջազգային նորմերի և սկզբունքների մասին վարպետության դասընթացը հյուրընկալության, հյուրասիրության և, առհասարակ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչների համար, ինչպես նաև հատուկ դասընթաց է վարել 7-12 տարեկան երեխաների համար: Հաջորդ վարպետության դասընթացը մայիսի 29-ին է:
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերության տնօրեն Կարինե Նաջարյանն իր խոսքում նշեց.
«Մենք երկար ժամանակ մտածում էինք, թե ինչ միջոցառում է անհրաժեշտ կազմակերպել, որը կլինի թե´ հետաքրքիր, թե´ օգտակար: Միաժամանակ հաշվի էինք առնում այն, որ Հայաստանում սպասարկման ոլորտը զարգացման փուլում է, և կա անհրաժեշտություն տարբեր միջոցառումներով դրան նպաստելու համար:
Մեր գործընկերների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշեցինք Հայաստան հրավիրել պրոֆեսիոնալի, ով իր փորձով և գիտելիքներով կարող է փոխանցել պրակտիկ ու միջազգային նորմերին համապատասխան հմտություններ. իր գործունեության ոլորտում լավագույններից է Աննա Դեբարը»:
Աննա Դեբարը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ իր հայաստանյան այցը լի է հիանալի և վառ տպավորություններով:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպիսի առանձնահատկություններ ունի Հայաստանում սպասարկման ոլորտը, Աննա Դեբարն ասաց.
«Արդեն տեղի է ունեցել առաջին վարպետության դասընթացը, որի ընթացքում հնարավորություն եմ ունեցել հանդիպել հյուրընկալության ոլորտում աշխատող մենեջերների հետ: Հիմնական խնդիրն ամերիկացի, եվրոպացի, ասիացի հաճախորդների հետ քիչ շփումն է և միջազգային փորձի պակասը: Հայաստանն ավելի ու ավելի է բաց դառնում միջազգային զբոսաշրջության համար, ուստի անհրաժեշտ է իմանալ ամեն երկրի հյուրի հետ ճիշտ շփվելու կանոնները, իմանալ՝ ինչպես ողջունել, մեկ խոսքով ասած՝ տիրապետել միջազգային էթիկետին: Իմ գլխավոր նպատակն է ուղղորդել նրանց իմ խորհուրդներով, ինչի արդյունքում նրանց համար կհեշտանա միջազգային էթիկետին և արարողակարգերին հետևելու գործընթացը»:
Աննա Դեբարի վարպետության դասընթացի շրջանակներում քննարկվել են էթիկետի, արարողակարգի, վարվեցողության կանոնները (savoir-vivre) և քաղաքավարության սկզբունքները, էթիկայի հետ առնչվող մարդկային գլխավոր արժեքները, հաճախորդների հոգեբանությունը, էթիկական կոդեքսների կարևորությունը հյուրընկալության և հյուրասիրության ոլորտներում, հաճախորդներին ողջունելու և ներկայանալու կանոնները, օտարերկրացի հաճախորդների հետ հարաբերությունները, հագուստի և արտաքինի (dress code) դերն ու կարևորությունը, վերբալ հաղորդակցությունները, մարմնի լեզուն, ժեստերը, դիմախաղը, ժպիտը, հաճախորդների սպասումները բացահայտելու և նրանց հետ զրուցելու արվեստը:
Էթիկետի ու արարողակարգի մի շարք գրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ Աննա Դեբարի այցը կազմակերպել է հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերությունը՝ Մոսկվայի «ART NADJAR» միջազգային պատկերասրահի հետ համատեղ: