Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «100 կտավ» ցուցահանդեսը


Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «100 կտավ» ցուցահանդեսը

  • 29-05-2017 18:31:01   | Հայաստան  |  Մշակույթ

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը,  որտեղ ներկայացված են խորհրդային շրջանի հայ եւ ռուս նկարիչների աշխատանքները: 
 
«100 կտավ» ցուցահանդեսը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մշակութային նախագծերից է, որի նպատակն է ներկայացնել խորհրդային շրջանի նկարիչների, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչների աշխատանքները: 
 
Նախագծում ընդգրկված նկարները IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, հիմնադրամի  նվիրատուներ Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի անձնական հավաքածուներից են։ Մի քանի տարի առաջ նրանք հավաքվել ու քննարկել էին, թե ինչ նախաձեռնությամբ կարելի է հանդես գալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արդյունքում որոշվել էր հայ եւ ռուս նկարիչների խորհրդանշական 100 կտավ ներկայացնել:
 
«Այս կտավները  կարող են ճամփորդել, բայց դրանք պետք է ունենան տուն ու միշտ վերադառնան այնտեղ։ «100 կտավ» նախաձեռնության նպատակը հայ վարպետների աշխատանքներն իրենց հայրենիք վերադարձնելն է»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Վլադիմիր Ավետիսյանը: 
 
«100 կտավ» հավաքածուն ներառում է ժանրային դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնք ստեղծվել են XX դարի 30-ականներից մինչեւ 90-ականներ ընկած ժամանակահատվածում: Այն ներկայացնում է նկարիչներ Ալբերտ Պապիկյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Դմիտրի Նալբանդյանի, Վիկտոր Աբրահամյանի, Նիկոլայ Տրոշինի, Գեւորգ Կոտյանցի, Անդրեյ Բանտիկովի, Ռուբեն Զախարյանցի եւ ուրիշների աշխատանքները: 
 
«Այս ցուցահանդեսը շարունակությունն է մեր երեկվա ասելիքի՝ երախտագիտություն ի գործ: Իմ կարծիքով, շատ կարեւոր են ոչ միայն հսկայական նախագծերը, այլեւ միջոցառումները՝ կապված մշակույթի, պատմության, փիլիսոփայության, լեզվի հետ, որոնք նոր միջավայր, մթնոլորտ են ստեղծում, ինչը կօգնի մեր երիտասարդությանը գլուխը բարձր շարժվել առաջ», - ասել է Ռուբեն Վարդանյանը: 
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 29-ը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ